Օրենքի ուսուցիչներից մեկը վեր կացավ ու փորձելով Հիսուսին՝ ասաց. «Վարդապե՛տ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: Նա էլ ասաց նրան. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում»: Նա պատասխանեց ու ասաց. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ անձով, քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով ու դրացուդ՝ քո անձի պես»: Եվ Հիսուսն ասաց նրան. «Ճի՛շտ պատասխանեցիր, այդպե՛ս արա ու կապրես»: Իսկ նա, ցանկանլով ինքն իրեն արդարացնել, Հիսուսին ասաց. «Իսկ ո՞վ է իմ դրացին»: Հիսուսը պատասխանեց և ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր գնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրեցին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին:
Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի: Երբ նրան տեսավ, ճանապարհի մյուս կողմն անցավ: Այդպես վարվեց նաև ղևտացին: Եկավ նույն տեղը, նայեց նրան ու մյուս կողմն անցավ:
Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և, տեսնելով նրան, գթաց: Մոտենալով՝ վերքերը փաթաթեց, վրան ձեթ ու գինի լցրեց, հետո դրեց իր գրաստի վրա ու տարավ մի իջևանատուն և խնամեց նրան:
Հաջորդ օրը, երբ մեկնելու էր, երկու դահեկան տվեց իջևանատիրոջն ու ասաց. «Խնամի՛ր նրան, և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»: Քո կարծիքով՝ այն երեքից ո՞րն էր ավազակների ձեռքն ընկած մարդու դրացին»: Եվ նա ասաց նրան. «Նա, ով ողորմություն ցույց տվեց նրան»: Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, դու էլ այդպե՛ս արա»:
Աստված այնպես սիրեց մեզ, որ Իր Որդուն ուղարկեց, որպեսզի մեզ մեր մեղավոր վիճակից փրկի և բարձրացնի:
Մենք էլ պարտավոր ենք Աստծո սերը ցույց տալ մեր շրջապատի մարդկանց: