Զինվորի օրագրից․ Արա Առաքելյան

  Առաջին անգամ ես զգացի ապրելու քաղցրությունը, երբ սկսվեցին մղձավանջային ձայները, որոնք մինչ օրս ականջներումս են… բայց ավելի քաղցրացան պահերը, երբ հոկտեմբերի 2-ին մեկնեցինք Ջաբրայիլ։ Պայթյունի ձայները, գորշ երկինքը, մթությունը  սովորական էին դարձել...

 

  Գիշեր էր։ Երկինքն արտասվում էր, իսկ մենք տանիք չունեինք, որպեսզի թաքնվեինք անձրևի հարվածներից: Ունեինք մի փոքրիկ փոս, որտեղ չէինք կարող բոլորս տեղավորվել... Վերջապես դադարեց անձրևը: Լույսն արդեն բացվել էր: Ամբողջովին թրջվել էինք, և սուր քամին սահում էր մեր թաց մարմինների վրայով։ Մենք փորձեցինք կրակ վառել, որ մի փոքր տաքանանք: Կրակը մեղմ էինք վառել, որ թշնամին չնկատի մեր տեղակայման վայրը։

 

 

  Ընկերներիցս մեկը պառկած էր անձրևից գոյացած ցեխաջրի մեջ։ Մտածեցինք՝ քնած է, բայց քնած չէր, պարզապես ցրտահարվել էր ու չէր կարողանում շարժել անզգայացած մարմինը։  Տղերքից մեկը նրան գրկեց և բերեց կրակի մոտ… այդպես գոյության պայքարի մեջ անցկացրինք մի քանի օր։

 

  Ամեն անգամ, երբ վախը պատում էր ինձ, մտքումս կրկնում էի՝ Աստված ինձ հետ է, ինչի՞ց պետք է վախենամ, և մոռանում էի վախի մասին։

  Օրը չեմ հիշում, բայց անորոշ իրավիճակ էր մեր ուղղությամբ 4 կողմից աշխատում էր հրետանին, երբ եկավ մեր հրամանատարը, ամեն մեկիս երկուական նռնակ տվեց և ասաց.

  - Դրանցից մեկը ձեզ համար է։

 

  Մենք հասկացանք՝ ինչ է կատարվում. շրջափակման մեջ էինք ընկել, մնում էր միայն աղոթել, կարծես թե դա վերջն էր։ Ապրելու քաղցր ցանկությունը պատել էր մեզ: Ես վերհիշում էի իմ անցած օրերը, որոնք շատ հետաքրքիր էին թվում, մանկության ու պատանեկության փայլող հիշողությունները, որոնք մե՛կ ժպիտ, մե՛կ տխրություն էին պատճառում, իմ ունեցած շաբաթները, որոնք օրերով հիշում էի, իսկ հիմա չգիտեմ անգամ՝ ինչ օր է ...։ Սպասում էինք, չգիտեմ թե ինչին, բայց սպասում էինք երևի Աստծո պատասխանին էինք սպասում, և Նա արձագանքեց: Աստված մեզ նորից հուսախաբ չարեց։

 

 

  Նկատեցինք, որ բոլորը փախչում են։ Մնացել ենք մենք 3 м.т.л.б-ով: Հրաման չկար, որ նահանջեինք: Հանկարծ մեր հրամանատարը կապ տվեց.

  - Արա՛գ գործարկեք շարժիչները, հեռանում ենք:

 

  Չգիտեմ, թե ինչպես ենք դուրս եկել այդտեղից։ Մեր հրամանատարը վերջինը դուրս եկավ։ Երբ հետ նայեցինք, նա չկար, կանգնեցինք, որ սպասենք նրան, և նկատեցինք, որ մեր դիմաց զոհված զինվորներ են ընկած: Մենք կանգնեցնում էինք բժշկական ավտոմեքենաները, որպեսզի դուրս բերեն նրանց այդտեղից, բայց բոլորը շտապում էին...

  Շատ չէինք մոտեցել, երբ եկավ մեր հրամանատարը և ասաց.

  - Արագացրե՜ք:

 

  Մենք գնացինք։ Հեռանում էի արցունքն աչքերիս՝ նահանջի զգացողությունն առաջին անգամ էր պատել ինձ... ճանապարհի ավերակները, խոցված տանկերը, մարդկանց հիասթափված դեմքի արտահայտությունը, ճանապարհին ընկած մարմինները շատ էին խոցել մեզ: Տեսնելով նրանց՝ սկսեցի մտածել, թե նրանք ինչքա՜ն երազանքներ ունեին,  ինչքա՜ն նպատակներ ու ցանկություն՝ ապրելու այս երկկողմանի կյանքը։

 

  Իսկ մենք շարունակում էինք պայքարել, ապրել այն հույսով, որ Աստված կբացի այն փակված դռներից մեկը, և կյանքը օրերից մի օր կժպտա մեզ։

 

  Հայրենիքի պաշտպանությունը քաղցր բան է, բայց… 

  Աստված մեզ օգնեց, որ ապրենք, ապրենք այն բանի համար, ինչի համար ստեղծել է մեզ...

Արա Առաքելյան, ք. Գյումրի