Ամենասիրելի իրը․ հեռուստացույց

   Կարո՞ղ ես ասել՝ տանը ո՞րն է ձեր ընտանիքի ամենասիրելի առարկան։ Այն ի՞նչն է, որ հավաքում է իր շուրջը բոլորիդ, հատկապես երեկոյան ժամերին։ Իհարկե հեռուստացույցը։ Իսկ ի՞նչ գիտես հեռուստացույցի մասին։ Օրինակ՝ գիտե՞ս, որ առաջ հեռուստացույցը միայն սև ու սպիտակ է ցույց տվել, իսկ ավելի վաղ, որքան էլ մեզ համար դժվար է պատկերացնել, հեռուստացույց չի էլ եղել։

 

 

   Իսկ ինչպե՞ս է աշխատում հեռուստատեսությունը։ Հեռուստատեսային խցիկը շարժվող պատկերը վերածում է էլեկտրական ազդանշանների: Ռադիոալիքների օգնությամբ այդ ազդանշանները, հաղորդվելով արբանյակներով կամ անցնելով ստորգետնյա մալուխներով, հասնում են մեր հեռուստացույցին: Վերջինս եկած ալիքային ազդանշանները կրկին վերածում է էկրանի վրա ցուցադրվող պատկերների և բարձրախոսից հնչող ձայների: 

 

   Աշխարհը գունավոր հեռուստացույցի համար շնորհակալ է Հովհաննես Ադամյան անունով հայ գիտնականի։ Այդ նա՛ է ստեղծել առաջին գունավոր հեռուստացույցը և այն անվանել «Հեռատես»։  «Հեռատեսը» մեր իմացած հեռուստացույցի պես չէր ցույց տալիս։ Այն ընդհամենը երեք գույն ուներ։ Բայց դա այնքան լուրջ ու բարդ հայտնագործություն էր, որ լուրը հասավ աշխարհի տարբեր ծայրերը։ Մի քանի տարի հետո Ադամյանի ստեղծած հեռուստացույցը փորձարկեցին այլ երկրներում։ Եվ այդպես, քիչ-քիչ ամբողջ աշխարհը գունավոր հեռուստացույց ունեցավ։ 

 

 

   1929 թ-ին ցուցադրվեց աշխարհում առաջին հեռուստահաղորդումը (առանց ձայնի): Մինչև 1953 թ. բոլոր հեռուստահաղորդումները սև ու սպիտակ էին: 1953 թ-ին ԱՄՆ-ում ցուցադրվեց առաջին գունավոր հեռուստահաղորդումը: Հայաստանում առաջին հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվել 1956 թ-ին, առաջին գունավոր հաղորդումը՝ 1971 թ-ին:

 

Մի քանի խոհրուրդ Շողիկից

  • Երկար մի՛ նստիր հեռուստացույցի առջև։
  • Խուսափի՛ր սարսափ ֆիլմերից և մեծահասակների համար նախատեսված հաղորդումներից։
  • Անճաշակ հաղորդումների ժամանակ ալիքը փոխի՛ր։
  • Նայի՛ր բարի մուլտֆիլմեր և ֆիլմեր։
  • Հաճախակի դիտի՛ր ուսուցողական հաղորդումներ։