- Զարհուրելի՜ դեպք, - ասաց հավը, որ ապրում էր ո՛չ այնտեղ, որտեղ դեպքն էր պատահել, այլ քաղաքի մյուս ծայրում: - Զարհուրելի դեպք է եղել հավանոցում: Ես ուղղակի չեմ համարձակվի գիշերը մենակ մնալ: Լավ է, որ մենք շատվոր ենք թառի վրա:
Եվ նա սկսեց պատմել, այն էլ այնպես էր պատմում, որ բոլոր հավերի փետուրները բիզ-բիզ կանգնեցին, իսկ աքաղաղի կատարը կծկվեց: Այո՛, այո, իսկակա՜ն ճշմարտություն:
Բայց մենք սկսենք սկզբից, իսկ այս ամենը սկիզբ առավ քաղաքի մյուս ծայրի հավանոցում:
Արևը մայր էր մտնում, և բոլոր հավերն արդեն թառի վրա էին: Նրանցից մեկը, կարճլիկ տոտիկներով մի սպիտակ հավ, որը կանոնավորապես սահմանված թվով ձու էր ածում ու ամեն ինչով հարգարժան հավ էր, բարձրացավ թառի վրա և հարմար տեղավորվելով՝ քնելուց առաջ սկսեց կտցով իրեն մաքրել ու փետուրները կարգի բերել: Եվ ահա նրա մի փետուրն ընկավ:
- Վա՜յ ընկա՜վ, - ասաց նա: - Լա՜վ, ոչի՜նչ, որքան շատ եմ մաքրում ինձ, այնքան ավելի եմ սիրունանում:
Այս բանը հենց այնպես, կատակով ասաց. նա ընդհանրապես ուրախ բնավորության տեր հավ էր, բայց դա ամենևին չէր խանգարում, որ, ինչպես ասացինք, շատ ու շատ հարգելի հավ լիներ: Այսպես էլ նա քուն մտավ:
Հավանոցում մութ էր: Բոլոր հավերը նստած էին կողք կողքի, իսկ այն հավը, որ նստած էր այս մեր հավի կողքին, դեռ չէր քնել: Նա ոչ թե դիտմամբ, ականջ դնելու համար, այլ հենց այնպես, ականջի մի ծայրով լսում էր և, իհարկե, հենց այդպես էլ հարկավոր է, եթե ուզում ես հաշտ և խաղաղ ապրել մերձավորներիդ հետ: Եվ ահա, սա չհամբերեց ու իր մյուս կողքի հարևանուհու ականջին շշնաց.
- Լսե՞լ ես: Անունը տալ չեմ ուզում, բայց այստեղ մի հավ կա, որը պատրաստ է իր բոլոր փետուրները փետրել, միայն թե ավելի գեղեցիկ լինի: Թե որ ես աքլոր լինեի, կարհամարհեի դրան:
Հավերից վերև՝ իր բնի մեջ, նստած էր բուն՝ իր ամուսնու և ձագուկների հետ: Բվերը սուր ականջ ունեն և հարևանուհու խոսքերից ոչ մեկը բաց չթողին: Եվ այդ ամբողջ ժամանակ նրանք արագ - արագ ոլորում էին իրենց կլոր աչքերը, իսկ մայր բուն թևերն էր թափահարում հովհարի պես:
- Ս՜ -ս՜ -ս՜… Մի՛ լսեք, երեխանե՛ր: Ասենք, երևի դուք արդեն լսեցիք: Ես նույնպես: Ա՜հ, ուղղակի ականջս գնաց: Հավերից մեկն այնքան է իրեն կորցրել, որ սկսել է ուղղակի աքլորի առաջ իր փետուրները փետրել:
- Prenez agrde aux enfants (այստեղ երեխաներ կան, զգու՛յշ), - ասաց հայր բուն: - Երեխաներին չի կարելի այդպիսի բաներ լսել:
- Բայց և այնպես, այս բանը պետք է պատմել մեր հարևան բվին. նա այնքա՜ն լավն է: Եվ մայր բուն թռավ հարևանուհու մոտ:
- Ու -հո՜ւ, ու -հո՜ւ, - հետո երկու բու բվվացին ուղիղ հարևան աղավնանոցի գլխին: - Դուք լսե՞լ եք: Դուք լսե՞լ եք: Ու -հո՜ւ: Մի հավ, ի սեր աքլորի, իր փետուրներն է փետրել: Նա կսառչի, կսառչի ու կմեռնի: Եթե արդեն չի մեռել: Ու -հո՜ւ:
- Ղո՛ւ -ղո՛ւ: Որտե՞ղ, որտե՞ղ, - ղունղունացին աղավնիները:
- Հարևան բակում: Համարյա իմ աչքի առաջ կատարվեց այդ բանը: Պարզապես ամոթ էլ է այդ մասին խոսել, բայց սա իսկական ճշմարտություն է:
- Հավատո՛ւմ ենք, հավատո՛ւմ ենք, - ասացին աղավնիները և ցածում նստած հավերին պատմեցին:
- Ղու՜ -ղո՜ւ: Ասում են՝ մի հավ, նույնիսկ երկուսը, իրենց բոլոր փետուրները փետրել են, որ աքլորի առաջ աչքի ընկնեն: Ո՜նց են սիրտ արել: Ախր կարող են սառչել ու մեռնել: Ասենք՝ նրանք արդեն մեռել են:
- Ծո՜ւ - ղրո՜ւ -ղո՜ւ, - երգեց աքլորը՝ ցանկապատի վրա թռչելով: - Արթնացե՜ք: - Հենց ի՛ր աչքերն էլ փակվում էին քնից, բայց նա սկսեց գոռալ. - Երեք հավ զոհ են գնացել աքլորի սիրուն: Նրանք փետրել են իրենց բոլոր փետուրները: Ի՜նչ զզվելի պատմություն: Չե՛մ ուզում թաքցնել: Թող ամբողջ աշխարհն իմանա:
- Թող իմանա՜, թող իմանա՜, - ճվճվացին չղջիկները, կռթկռթացին հավերը, ծղրտացին աքլորները: - Թող իմանա՜, թող իմանա՜:
Եվ այս պատմությունը տարածվեց բակից բակ, հավանոցից հավանոց ու վերջապես հասավ այնտեղ, որտեղից սկսվել էր:
- Հինգ հավ, - պատմում էին այստեղ, - իրենց բոլոր փետուրները փետրել են, որպեսզի ցույց տան, թե իրենցից ո՛րն է ավելի նիհարել աքլորի սիրուց: Հետո նրանք, մեկը մյուսին կտցահարելով, սպանել են միմյանց՝ խայտառակելով իրենց ամբողջ տոհմը և մեծ վնաս պատճառելով իրենց տերերին:
Այն հավը, որից փետուր էր ընկել, իհարկե չիմացավ, որ դա իր սեփական պատմությունն է և, որպես պատվարժան հավ, ասաց.
- Ես արհամարհում եմ այդ հավերին: Բայց ախր այդպիսիններ շատ կան: Նման բաների մասին չի կարելի լռել: Եվ ես իմ կողմից ամեն ինչ կանեմ, որ այդ պատմությունը լրագրի մեջ ընկնի: Թող աշխարհով մեկ տարածվի: Այդ հավերը և նրանց ամբողջ տոհմն արժանի են, որ խայտառակվեն:
Եվ, իսկպե՛ս, այս ամբողջ պատմությունը տպեցին թերթերում, և սա իսկական ճշմարտություն է. մի փոքրիկ փետուրը որքա՜ն հեշտությամբ է ամբողջ հինգ հավ դառնում:
Հ. Ք. Անդերսեն