Հերկե՛ք ձեր անմշակ հողերը, փշերի մեջ մի՛ սերմանեք (Երեմիա 4.3)
Աստված Իր ժողովրդի հետ խոսում է մարգարեների միջոցով։ Նա Իր խոսքով խրատում է Իր ժողովրդին, սովորեցնում է, հանդիմանում կամ էլ քաջալերում։ «Հերկե՛ք ձեր անմշակ հողերը․․․»։ Աստված ի՞նչ է ցանկանում սրանով ասել։ Միանշանակ սա այլբանություն է, և Աստված այստեղ հողագործական հրահանգ չի տալիս։
Մեր սիրտը մի փոքրիկ անմշակ հողակտոր է, որն ամենօրյա խնամքի և մշակման կարիք ունի։ Մենք կարող ենք ամեն օր Աստվածաշունչ կարդալ, ամեն կիրակի եկեղեցի հաճախել, սակայն Աստծո Խոսքի սերմերը մեր սրտում պտուղներ չունենան։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր սիրտը մշակված չէ, այնտեղ փշեր կան, որոնք բարի սերմերին խանգարում են աճել։ Եթե մեր սրտում թաքուն պահված նախանձ, չարություն, ատելություն, կեղծիք, կռիվ, հակառակություն, չարակամություն կա, այնտեղ չի կարող աճել սերը, ուրախությունը, համբերատարությունը, բարությունն ու քաղցրությունը (Գաղատացիներին 5.19-23)։
Այսպիսով, մեր սրտում կան թե՛ օգտակար և թե՛ վնասակար սերմեր։ Այդ սերմերը երևում են, երբ նրանք պտուղ են տալիս։ Մեղքի պատճառով մեր սիրտը վարակված է դրանցով։ Մենք պետք է ժամանակին դրանք բացահայտենք և արմատախիլ անենք, որպեսզի չտարածվեն և չվնասեն նաև ուրիշներին։ Որքան շուտ բացահայտենք մեր սրտի «փշերը», այնքան ավելի հեշտ կազատվենք դրանցից։
Աստված ցանկանում է, որ օր օրի մեր սրտից հեռացնենք այդ փշերը, որպեսզի նմանվենք մեր երկնավոր Հորը և բարի պտուղներ ունենանք։
Լիլիթ Անտոնյան