Որտեղի՞ց է առաջացել սահնակը

Սահնակը ձմեռային շատ հարմար փոխադրամիջոց է, որը տեղաշարժվում է քաշող ուժի միջոցով։ Որպես քաշող ուժ՝ ծառայում են տարբեր կենդանիներ՝ շներ, եղջերուներ, ձիեր, ցլեր և այլն։

Գիտնականները ենթադրում են, որ սահնակն ավելի հին ծագում ունի, քան անվավոր մյուս փոխադրամիջոցները, որոնք ի հայտ են եկել անիվի հայտնագործումից հետո։ Ձմռանը, ձյան ու սառույցի վրա, սահնակն ավելի լավ է տեղաշարժվում, քան անվավոր փոխադրամիջոցները։ Բացի դրանից, այն  անվավոր կառքից ու սայլից ավելի մատչելի է, ուստի դարեր շարունակ հյուսիսային ժողովուրդների համար եղել է անփոխարինելի և հիմնական փոխադրամիջոց։ Իհարկե թագավորների ու ազնվականների համար պատրաստել են նաև թանկարժեք սահնակներ, որոնք զարդարել են ու գեղեցիկ ներկել։

Այս յուրօրինակ փոխադրամիջոցը սովորաբար ունի երկու ոտք, որոնց ստորին մասը ողորկ է։ Հենց դրանով էլ հպվում են սառույցի կամ ձյան մակերևույթին և սահելով տեղաշարժվում։ Սահնակներ կարելի է վարել նաև ոչ ձյունոտ տեղանքում, օրինակ, ավազների կամ խոնավ խոտածածկի վրա։ Դրանցով կարելի է փոխադրել ինչպես մարդկանց, այնպես էլ բեռներ։

Սահնակները լայն տարածում ունեն հյուսիսային բոլոր այն շրջաններում (Հյուսիսային Եվրոպա, Ռուսաստան, Հյուսիսային Ամերիկա), որտեղ տարվա ընթացքում առատ ձյուն է լինում։ Հյուսիսային ժողովուրդների մոտ շատ ընդունված է շնասահնակը, որը կոչվում է նարտ։ Դրան լծվում են հատուկ տեսակի շներ, օրինակ, հասկի, մալամուտ, լայկա և այլն։ Հյուսիսային խստաշունչ կլիմային սովոր այդ շները կարողանում են հսկայական տարածություններ հաղթահարել։ Այդպիսիք օգտագործվում են նաև հայտնի բևեռախույզների արշավախմբերում։ 

Ի դեպ, երկրի երկու բևեռները հայտնագործվել են հենց շնասահնակներով 1909 թ ամերիկացի Ռ Պիրին դրանցով հասել է Հյուսիսային բևեռ, իսկ երկու տարի անց Հարավային բևեռում է հայտնվել նորվեգացի Ռ Ամունդսենը։

Տարածված են նաև ընտելացված հյուսիսային եղջերուներով լծված սահնակները։ Եղջերուի այս տեսակն ընտելացվել է Կենտրոնական Սիբիրում, մոտ 2000 տարի առաջ, որից հետո աստիճանաբար տարածում գտել Եվրոպայի հյուսիսում և Հյուսիսային Ամերիկայում։ 

Այսօր ստեղծվել են սահնակների բազմաթիվ տեսակներ՝ մանկական ու մարզական։ Մանկական սահնակները նախատեսված են ձմռանը երեխաներին ձյան վրայով սահեցնելու, իսկ մարզականները՝ տարբեր մարզական մրցույթների համար, որոնք անցկացվում են հյուսիսային շրջաններում։ Դրանցից մի քանիսը ներառված են ձմեռային օլիմպիական խաղերում։