Հարց։ Ի՞նչ է նշանակում խորհուրդ։
Պատասխան։ Լատիներենում «խորհուրդ» բառը նշանակում է «ուխտ»: Օրինակ՝ հռոմեացի զինվորները երդվելիս հավատարմության և նվիրումի ուխտ էին անում իրենց վերակացուին՝ խոստանալով ծառայել միմիայն նրան:
Եկեղեցին խորհուրդների միջոցով հանդիսավոր կերպով հավատարմության ուխտ է կատարում իր Հրամանատարին՝ Հիսուս Քրիստոսին։
Բայց ամենայն հավանականությամբ «խորհուրդ» բառն իր ուղղակի իմաստն ու նշանակությունը ստացել է հունարեն «միսթերիոն» բառից, որ թարգմանվում է խորհուրդ, առեղծված, անբացատրելի մի բան:
Հայստանյայց Ավետարանական եկեղեցին՝ հավատարիմ մնալով վաղ շրջանի եկեղեցու որդեգրած սկզբունքին, ընդունում և գործադրում է Հիսուս Քրիստոսի կողմից պատվիրված երկու խորհուրդները՝ Մկրտությունը և Հաղորդությունը:
Խորհուրդներն Աստծո շնորհի տեսանելի մարմնավորումն են՝ որպես Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո սիրո վկայություն:
Սբ. Օգոստինոսը խորհուրդը սահմանում է որպես «անտեսանելի շնորհի տեսանելի նշան», որն իր մեջ ներառում է «տեսանելի, շոշափելի նշան և Սբ. Խոսք»: Տեսանելի նշաններն են՝ ջուրը, հացը և գինին: Տեսանելի նշանները խորհուրդ չեն, մինչև նրանց չի ավելանում Սբ. Խոսքը: Սբ. Խոսք ասելով հասկանում ենք Բարի Լուրը, Ավետարանի հռչակումը, Աստծո խոստումը:
Այստեղ հարկ է նշել, որ խորհուրդների մեջ ոչ թե արտաքին, տեսանելի նշանների միջոցով կամ խորհուրդների մատակարարման ձևով, այլ Սբ. Հոգու ներկայության և գործունեության միջոցով ենք հաղորդկցվում Աստծո շնորհին: Նշանները, Սբ. Հոգու միջոցով, փոխանցում են Աստծո շնորհը, բայց դրանք չեն պարունակում այդ շնորհն իրենց մեջ:
Հայդելբերգի կատեխիզմում կարդում ենք. «Սբ. Խորհուրդները տեսանելի սուրբ նշաններ և կնիքներ են՝ Աստծո կողմից սահմանված այս նպատակի համար, որպեսզի նա դրանց գործածությամբ առավել լիարժեքորեն հայտարարի և կնքի Ավետարանի խոստումը, որ է Աստված խաչի վրա կատարած միակ զոհաբերման շնորհիվ մեզ ձրիորեն մեղքերի թողություն և հավիտենական կյանք է պարգևում»: