Հեսսեի ընտանիքն ապրում էր փոքրիկ Բեթղեհեմ քաղաքում, ուր Աստծո պատվերով եկավ Սամուել մարգարեն, որպեսզի Հեսսեի որդիներից մեկին թագավոր օծի։ Երբ Սամուելը տեսավ Հեսսեի ավագ որդուն, մտածեց, որ նա է Աստծո ընտրյալը։ Սակայն Աստված ասաց. «Նրա տեսքին ու հասակի բարձրությանը մի՛ նայիր, քանի որ Ես նրան մերժել եմ, որովհետև Աստված մարդու նման չի նայում, քանի որ մարդն աչքին երևացածին է նայում, իսկ Տերը՝ սրտին»։ Այսպես հերթով Հեսսեի յոթ որդիները եկան և ներկայացան Սամուել մարգարեին, սակայն Սամուելն ասաց, որ Տերը սրանցից ոչ մեկին չի ընտրել ու հարցրեց, թե արդյոք նրա որդիներն այդքանն են։ «Ամենափոքրն է մնացել։ Նա հովիվ է, ոչխարներին է արածեցնում», - պատասխանեց Հեսսեն։ Սամուելն անմիջապես պահանջեց իր մոտ բերել տղային։ Տղան կարմիր էր ու գեղեցիկ աչքեր ուներ։ Այն ժամանակ Տերն ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր, քանի որ սա՛ է»։
Որոշ ժամանակ անց Իսրայելի թշնամի փղշտացիները, մարտի պատրաստվելով նրանց դեմ, իրենց զորագնդերը կենտրոնացրին ու բանակեցին Ափեսդոմմում։ Փղշտացիների բանակից Գողիաթ անունով մի հսկա, որի հասակը վեց կանգուն ու մի թիզ էր, այսինքն՝ երեք մետր, կանգնեց Իսրայելի գնդերի առաջ և ձայն տվեց. «Ինչո՞ւ եք դուրս եկել ու պատերազմելու համար շարքի կանգնել... Ձեր միջից մի մարդ ընտրե՛ք, որ իմ դեմ ելնի։ Եթե կարողանա ինձ հետ կռվել ու ինձ սպանել, մենք ձեր ծառան կդառնանք, բայց եթե ես հաղթեմ ու նրան սպանեմ, դուք կդառնաք մեր ծառան ու մեզ կծառայեք»։
Երբ Սավուղը՝ Իսրայելի թագավորը, ու ամբողջ Իսրայելը փղշտացու այս խոսքերը լսեցին, շատ վախեցան։ Այս փղշտացին քառասուն օր շարունակ վախեցնում էր Իսրայելի ժողովրդին։ Այդ ժամանակ Դավիթն իր հոր ոչխարներն էր արածեցնում։ Հեսսեն ասաց նրան. «Եղբայրներիդ համար այս մեկ արդու բոված ցորենն ու այս տասը նկանակը վերցրո՛ւ, վազի՛ր բանակ, տու՛ր եղբայրներիդ։ Իսկ այս տասը գլուխ պանիրը տա՛ր նրանց հազարապետին ու տե՛ս, թե եղբայրներդ ողջ և առո՞ղջ են, ու նրանցից մի նշա՛ն բեր»։ Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ և ճանապարհ ընկավ, ինչպես Հեսսեն իրեն պատվիրել էր։ Հասնելով խրամատին՝ բեռն իջեցրեց, հանձնեց բեռների պահապաններին և վազեց դեպի գունդ՝ եղբայրներին ողջունելու։ Մինչ խոսում էր նրանց հետ, Գողիաթը դուրս եկավ փղշտացիների գնդերից և կրկնեց իր խոսքերը։
Իսրայելի բոլոր մարդիկ, տեսնելով նրան, սարսափած փախան, մինչդեռ Դավիթը, որ լսում և տեսնում էր այս ամենը, ասաց. «Ո՞վ է այս անթլփատ փղշտացին, որ նախատում է կենդանի Աստծո զորքին»։ Դավթի ասած խոսքերը տարածվեցին, ու երբ Սավուղին պատմեցին, իր մոտ բերել տվեց նրան։ Եվ Դավիթն ասաց Սավուղին. «Սրա պատճառով որևէ մեկի սիրտը թող չկոտրվի. քո ծառան պիտի գնա ու կռվի այդ փղշտացու հետ»։ Սավուղն ասաց Դավթին. «Դու չես կարող գնալ այդ փղշտացու վրա ու կռվել նրա հետ, քանի որ դու երեխա ես, իսկ նա իր մանկությունից ի վեր պատերազմի մարդ է»։ Դավիթն ասաց Սավուղին. «Երբ քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, ու երբ առյուծ կամ վագր էր գալիս ու հոտից ոչխար տանում, ես, նրա հետևից գնալով, զարկում էի նրան ու նրա բերանից ազատում։ Առյուծի ու արջի ձեռքից ինձ ազատող Տերն այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։
Այդժամ Սավուղն իր հանդերձները հագցրեց Դավթին ու նրա գլխին մի պղնձե սաղավարտ դրեց ու նրան զրահ հագցրեց։ Դավիթը հանդերձների վրայից սուրը կապեց մեջքին ու փորձեց քայլել, սակայն չկարողացավ, քանի որ սովոր չէր։
Հետո իր վրայից հանեց դրանք, վերցրեց ցուպն ու գետից հինգ ողորկ քար ընտրեց, դրանք իր հովվական պայուսակի՝ մախաղի մեջ դրեց ու պարսատիկը ձեռքն առնելով՝ մոտեցավ փղշտացուն և ասաց. «Դու իմ վրա սրով, նիզակով ու գեղարդով ես գալիս, բայց ես Զորաց Տիրոջ, Իսրայելի զորքերի Աստծո անունով եմ գալիս քո մոտ, Ում դու անարգեցիր։ Այսօր Տերը քեզ իմ ձեռքն է մատնելու։ Ամբողջ բազմությունը պետք է իմանա, որ Տերը սրով ու նիզակով չի փրկում, քանի որ պատերազմը Տիրոջն է, ու Նա է ձեզ մեր ձեռքը մատնելու»։
Դավիթն իր ձեռքը տարավ մախաղի մեջ ու այնտեղից մի քար վերցրեց և այն պարսատիկով նետեց ու փղշտացու ճակատին հարվածեց, ու նա երեսնիվայր գետին ընկավ։ Այսպես Դավիթը, առանց սրի՝ պարսատիկով ու քարով, հաղթեց փղշտացուն։
Դավիթը չնայեց իր ուժին և կարողությանը: Նա հավատում և վստահում էր Աստծուն, ինչպես նաև նախանձախնդիր էր Նրա անվան և փառքի հանդեպ: