Հայերը Նոր տարվա տոնի նախապատրաստությունը սկսում էին տան մաքրությունից։ Մարդիկ դուրս էին նետում կոտրված ու անպետք իրերը, նորոգում քանդված մասերը։ Բնակարանը զարդարում էին տարբեր զարդարանքներով։ Եթե ընտանիքում գժտություն կար, ապա բոլորը ձգտում էին հաշտեցնել գժտվածներին։
Նոր տարվա նախորդ օրը 10-12 տարեկան տղաներն ու աղջիկները, խումբ - խումբ պարելով, շրջում էին փողոցներում և որևէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել՝ գովելով ընտանիքի անդամներին, ու բարեմաղթանքներ անում։
Բարով թող գա ձեր Նոր տարին,
Ձեր տուն մտնի հազար բարիք,
Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով։
Տղաները երգելով երդիկից դատարկ տոպրակ էին իջեցնում, իսկ տանտիկինները կախված տոպրակների մեջ միրգ, խմորեղեն, քաղցրավենիք էին լցնում։
Նրանք դեռևս աշնանն էին տոնի համար չորացած ու թարմ մրգեր, ընկուզեղեն պահում։ Ամանորին միայն պասի ժամանակ թույլատրելի ուտելիքներ էին կարելի, քանի որ պաս էր։ Ամենուր լավաշ էին թխում․ Նոր տարին պետք էր նոր հացով սկսել։ Ապա թխում էին տոնի կարևորագույն՝ Տարի հացը, որի մեջ նշան՝ կորիզ կամ դրամ էին դնում։ Այն ում ընկներ, այդ տարի երջանիկ կլիներ։
Կեսգիշերին ընտանիքը հավաքվում էր սեղանի շուրջը։ Տան ամենատարեց անդամը բարձրացնում էր բաժակն ու բոլորին առաջարկում առաջին բաժակի հետ մեղր համտեսել՝ ասելով․ «Անուշ մեղր ուտենք, որ ողջ տարին անուշ զրուցենք, անուշ լսենք, անուշ վարվենք»։
Տան դուռը չէր փակվում։ Առավոտից սկսվում էին այցելությունները։
Իսկ դո՞ւք ինչպես եք նշում Նոր տարին։ Ի՞նչ սովորություններ ունեք, որոնք բնորոշ են միայն ձեր ընտանիքին։