Անառակ որդու վերադարձը

   Մի մարդ երկու որդի ուներ: Մի օր նրանցից կրտսերը հորն ասաց «Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»։ Եվ հայրն ունեցվածքը բաժանեց որդիների միջև։ Շատ չանցած՝ կրտսեր որդին, ամեն ինչ ժողովելով, գնաց հեռու երկիր և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավորության մատնվել։ Ճարահատյալ սկսեց մի հարուստ մարդու ագարակում խոզ արածեցնել։ Նա այնքան քաղցած էր, որ  պատրաստ էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան անգամ դա չէր տալիս։ Մի օր, խելքի գալով, ասաց «Քանի՜ վարձկաններ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ հորս մոտ և նրան ասեմ՝ Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛ւ իբրև քո վարձկաններից մեկը»։

   Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ և դեռ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց ընդառաջ վազեց, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։ Եվ որդին ասաց նրան «Հա՛յր մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»։ Հայրն իր ծառաներին ասաց «Հանեցե՛ք նրա նախկին պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատանին նրա մատը դրեք և նրա ոտքերին՝ կոշիկներ բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» և սկսեցին ուրախանալ։ Իսկ նրա ավագ որդին հանդում էր և երբ եկավ, տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը և իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե այդ ի՞նչ է։ Եվ նա նրան ասաց «Քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ-առողջ ընդունեց նրան»։

 

   Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել բայց հայրը դուրս եկավ, աղաչում էր նրան։ Որդին պատասխանեց և ասաց հորը «Ահա այսքան տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ առել բայց երբեք ինձ մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախանայի։ Երբ եկավ քո այս որդին, որը քո ունեցվածքը վատնեց, պարարտ եզը նրա համար մորթեցիր»։ Հայրը նրան ասաց «Որդյա՛կ իմ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է։ Իսկ հիմա պետք է ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։

Ղուկաս ավետարան 1520-32

Աստված սպասում է մեր վերադարձին։ Հոր նման Նա պատրաստ է մեզ ընդառաջ վազել, գրկել և համբուրել։