Հովսեփի օրինակով

Մեզ շրջապատող աշխարհն օր օրի փոխվում է։ Այն, ինչը ժամանակակից և նորաձև էր մի քանի ամիս առաջ, այսօր արդեն կորցրել է իր այդ դերը։ Մարդը հայտնվել է ամենօրյա վազքի մեջ և փորձում է հասնել աշխարհի առաջարկած վերջին ձեռքբերումներին (տեխնիկական, տնտեսական և այլն) և տեղեկացված լինել վերջին նորություններից։ Փոփոխվում են նաև աշխարհի առաջարկած արժեքներն ու սկզբունքներըայն, ինչն ամոթ և անընդունելի էր տարիներ առաջ, այսօր համարվում է հնացած։ Եվ մենք, հաճախ որոշակի միջավայրում (դպրոց, ընկերական շրջապատ, աշխատավայր) ընդունելի լինելու համար, հարմարվում կամ ընդունում ենք այդ արժեքները։ Անտեսելով սեփական սկզբունքներն ու արժեքները՝ որդեգրում ենք դիմացինինը՝ պատճառաբանելով կամ ինքներս մեզ խաբելով, թե այլ կերպ հնարավոր չէ։

 

 

Սակայն եկեք մի պահ անդրադարձ կատարենք Հովսեփի կյանքին։ Նա մերժվեց և անհավատ ու օտար մարդկանց վաճառվեց հարազատ եղբայրների կողմից՝ միայնակ հայտնվելով օտարության մեջ։ Ի՞նչ պետք է աներ Հովսեփը՝ այս իրավիճակում գոյատևելու, ինքն իրեն փրկելու համար։ Հավանաբար պետք է ընդուներ այն երկրի արժեքները, որտեղ հայտնվել էր։ Բայց ո՛չ։ Հովսեփը հավատարիմ մնաց իր արժեքներին, իր հայրերի Աստծուն։ Չնայած նա չերկրպագեց Եգիպտոսի աստվածներին և չընդունեց նրանց արժեքները, այնուամենայնիվ դարձավ Եգիպտոսի կառավարիչ։ Նա այս դիրքին հասավ իր հավատարմության շնորհիվ, ինչի մասին վկայում են փորձությունների ժամանակ կայացրած նրա որոշումները։

 

Մենք էլ, Հովսեփի նման, կարիք ունենք մեր հավատարմության վկայությունը ցույց տալու։ Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք կամենք չենք որոշում մեր հավատարմության աստիճանը բացառապես Աստված իրավունք ունի ասելու՝ «Ապրե՛ս, բարի և հավատարիմ ծառա»։ Աստծու և Նրա Խոսքից բխող արժեքներին հավատարիմ մնալը ենթադրում է տարբեր փորձությունների ու դժվարությունների ժամանակ շարունակական համբերության դրսևորում։ Սա չի կարող կյանքի պասիվ վիճակ լինել։

 

Ուրեմն, Հովսեփի օրինակով եկեք սովորենք հավատարիմ լինել մեր կյանքի սկզբունքներին և արժեքներին, որպեսզի դրանք կախված չլինեն կյանքի իրավիճակներից։ Իսկ այսօր կարող ենք միայն ասել«Տե՛ր, արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել»։ 

Լիլիթ Անտոնյան