Կինն Աստվածաշնչում

Պատմության և Աստվածաշնչի էջերը թերթելիս նկատում ենք, որ կանանց դերը հասարակության մեջ ամենևին էլ այնպիսին չի եղել, ինչպիսին այսօր է։ Հատկապես Հինկտակարանյան ժամանակաշրջանում նրանք ցածր դիրք էին գրավում թե՛ հասարակության մեջ և թե՛ ընտանիքում։ 

 

Հին Կտակարանում ընտանիքը հայրիշխանության մոդելով էր ղեկավարվում, և կինն իր ողջ կյանքի ընթացքում կախման մեջ էր տղամարդուց. նախ՝ հորից, ամուսնանալուց հետո՝ ամուսնուց, իսկ այրիանալու դեպքում՝ որդուց։ Այս վիճակը կնոջը տալիս էր պաշտպանվածություն, և չնայած խիստ բարքերին՝ կինը հարգված և սիրված էր ամուսնու և երեխաների կողմից։ 

 

 

Կինը կոչված էր մայր և տանտիրուհի լինելու և նրա պարտականությունների մեջ էր մտնում երեխաների դաստիարակությունը։

 

 Աստված կանանց հայտնվել է առանձնահատուկ կերպով։ Սամսոնի ծննդյան մասին  հրեշտակից առաջինը տեղեկացավ Մանուեի կինը, Փրկչի մայրը լինելու մասին լուրը հրեշտակը Մարիամին հայտնեց։ Աստված ընտրել է նաև մարգարե կանանց՝ Իսրայելի ժողովրդին իր կամքը հայտնելու համար։ Նրանցից էր  Մարիամը՝ Մովսեսի և Ահարոնի քույրը, Դեբորան, որ Իսրայելի դատավորներից էր։ Մեզ հայտնի վերջին մարգարեուհին Աննան էր, որը տաճար եկավ մանուկ Հիսուսին տեսնելու։ 

 

Նոր Կտակարանում Հիսուսը կնոջ մասին խոսում է որպես Աստծու ստեղծածի՝ սիրով ու հարգանքով վերաբերվելով նրան։ Կարելի է ասել, որ կանանց հանդեպ Հիսուսի վարվելակերպից են սկսում փոխվել տիրող մոտեցումները։ Նա կնոջը և տղամարդուն հայտնում է նույն պատգամները՝ տալով փրկության մեկ ճանապարհ։ Կանայք հետևում էին Հիսուսին բոլոր շրջագայությունների ժամանակ։ Նրանք ներկա էին խաչելությանը, և նույնիսկ առաջինը նրանց է հայտնվում հարուցյալ Հիսուսը։ Հարությունից հետո աշակերտները՝ տղամարդ և կին միասին էին հավաքվում աղոթքի։ Գաղատացիներին ուղղված թղթի 3.28-ում Պողոսը, ասելով՝ «դուք ամենքդ մեկ եք Քրիստոսով», մերժում է սեռային, ռասայական և սոցիալական տարբերությունների վերաբերյալ բոլոր նախապաշարումները։