Արի՛ միասին մտածենք՝ ի՞նչը կարող է քեզ մեծ ուրախություն պատճառել։ Միգուցե ծննդյանդ տարեդարձին ցանկալի նվեր ստանալը, զբոսայգում թռչուններին կերակրելը, պարտեզից գույնզգույն ծաղիկներ հավաքելը, դպրոցում բարձր գնահատականներ ստանալը, ծովափին արևային լոգանք ընդունելը, ընկերներիդ հետ լավ ժամանակ անցկացնելը։ Համաձայն ես չէ՞, որ կյանքում ժպտալու բազում առիթներ են լինում։ Եվ այդ բոլոր բարիքները Աստված է մեզ տալիս։ Նա ջանք չի խնայում մեզ ուրախ ու ժպտադեմ տեսնելու համար։
Իսկ ի՞նչ ես կարծում՝ մեր արարքները կարո՞ղ են ուրախություն կամ տխրություն պատճառել Աստծուն։ Իհա՛րկե կարող են։ Աստված ժպտում է ամեն անգամ, երբ ազնիվ ենք գտնվում մեր խոսքերի մեջ, երբ մեր ունեցածը բաժնեկցում ենք, երբ անտարբեր չենք գտնվում տկարների նկատմամբ, երբ չենք ծուլանում դասերը պատրաստելիս, երբ չենք նախանձում մեր ընկերոջը՝ հաջողության հասնելու համար։ Կարելի է ասել՝ Աստված չի դադարում ժպտալ, երբ ապրում ենք Իր Խոսքի և կամքի համաձայն։