Ահմեդի ուղտը

   Ահմեդը, հինգ ուղտ հետևը ձգած, գնում էր քաղաք: Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում: Եղավ, որ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի, որը ճանապարհի ափին՝ ծառերի զով ստվերի տակ, ուրախ ու պայծառ քչքչում էր: Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին: Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած. մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:

 

 

   Երբ կեսօրը կոտրվեց, Ահմեդը ուշքի եկավ, նայեց ու տեսավ, որ ուղտերից մեկը չկա: Կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին. բան չէր երևում, միայն բավական մոտիկում մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս: Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ: Գյուղի ծայրին մի պառավ կին պատահեց նրան:

-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:

-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը,- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա: Արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո՝ քո ուղտը: Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղ, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:

 

Գյուղից դուրս տեսավ մի մարդու, ով պարկով ցորենը դրել էր գետնին. պարկի մի կողքը պատռվել էր, ու ցորենը բուռ-բուռ թափվել էր ճամփի երկայնքով: Խեղճ մարդը մե՛կ ցորենն էր հավաքում, լցնում պարկը, մե՛կ մատներով գետինն է քրքրում, հողը մաղմղում:

-Ա՛յ մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:

 

-Ես գլուխս եմ մոլորել,-նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն: Քո ուղտը աչքի՞ս կերևա: Արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո՝ քո ուղտը:

«Խենթ են էս մարդիկ»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:

Ում դիմում էր, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունենք, քո ուղտի՞ն պիտի աչք պահենք:

Ահմեդը, մարդկանցից վշտացած ու հույսը կտրած, գյուղ վերադարձավ: Մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ ու տխուր-տխուր միտք արավ: Հետո քունը վրա հասավ, և հոգնեբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ: Տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց. «Որդի՛ս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ: Միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի: Մի՛ մեղադրիր մարդկանց, քանի որ ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ են»:

Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:

-Նանի՛, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:

-Չէ՛, որդի՛, չէ՛:

-Արի, միասի՛ն փնտրենք,- ասաց Ահմեդը:

Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը: Մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը: Հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.

-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:

Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով՝ վազեց դեպի դաշտերը: Ահմեդը հետևից, աքլորը առջևից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով… Հանկարծ մեկ էլ աչքի առջև իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած՝ հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ ու սահման չկար: Մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը՝ խնդումերես մտավ գյուղ:

 

Ավետիք Իսահակյան