Մի մարդ երկու որդի ուներ: Երբ մեծացան, հայրն ասաց.
- Զավակնե՛րս, ժամանակն է, որ դուք ինքնուրույն գործով զբաղվեք. Ձեզանից ո՞վ ինչ է ուզում անել:
Որդիները լուռ էին. Չգիտեին՝ ինչ գործ ընտրել:
- Որ էդպես է, - ասաց հայրը, - եկե՛ք գնանք, աշխարհ ման գանք, տեսնենք՝ մարդիկ ի՞նչ գործեր են անում:
Պատրաստվեցին, ճամփա ընկան: Որդիներն ամեն մի բնակավայրում նայում – զննում էին, թե մարդիկ ինչո՞վ են զբաղվում, մտածում էին, թե իրենք ի՞նչ գործ ընտրեն:
Հասան մի գյուղ: Տեսան՝ արոտավայրի ծայրին դարբնոց կա: Ներս մտան, դարբնին բարևեցին, հետը մի քիչ զրուցեցին: Ավագ որդին նույնիսկ մուրճը ձեռքն առավ, օգնեց դարբնին խոփ կռել: Հետո շարունակեցին իրենց ճամփան:
Մոտեցան մի ուրիշ գյուղի: Ավագ որդին դես նայեց, դեն նայեց, տեսավ գյուղում դարբնոց չկա, հորն ասաց.
- Ինչո՞ւ էս գյուղում էլ դարբնոց չբացել: Ես կկարողանամ էստեղ դարբին աշխատել. Դարբնությունն ինձ դուր է գալիս:
Հայրն ուրախացավ. «Ավագ որդիս իր ապրուստի միջոցը գտավ», - մտածեց նա:
- Լավ, - ասաց նա, - էս գյուղի դարբինը դարձի՛ր:
Ու մի որդուն դարբին կարգեց: Սա սկսեց դարբնություն անել. գյուղի մարդիկ նրան գովում էին, ինքն էլ գոհ էր իր աշխատանքից:
Կրտսեր որդին ինչքան թափառեց, իր ճաշակով ոչ մի գործ չճարեց: Մի օր էլ հոր հետ անցնում էր մարգագետնով: Տեսավ մի եզ է արածում: Գյուղը հեռու էր, հովիվ էլ չէր երևում:
- Հայրի՛կ, իսկ ես չսկսե՞մ եզան գողությամբ զբաղվել, - ասաց նա: - Հեշտ գործ է, համ էլ ամեն օր միս կունենանք, ես էլ եզան պես գիրուկ ու առողջ կլինեմ:
- Գողացի՛ր, - ասաց հայրը, - քեզ էլ հենց ման եմ ածում, որ մշտական զբաղմունք ընտրես:
Որդին եզն առավ ու դեպի տուն քշեց: Հայրն ասաց.
- Անտառի եզրին սպասի՛ր ինձ, ես էս գյուղը մտնեմ, մի ծանոթ ունեմ, նրան տեսնեմ ու գամ: Որդին եզը քշում էր ու հետն էլ գայլի պես չորս կողմը նայում՝ հո որևէ մեկը հետևից չի՞ ընկել: Մինչև անտառ հասավ, կարգին վախեցավ, վախից սիրտը խառնում էր: Անտառի եզրին սպասեց, մինչև հայրը եկավ, ու միասին եզը տուն տարան: Մորթեցին, քերթեցին, միսը եփեցին: Երբ նստեցին ուտելու, հայրն ասաց.
- Գիտե՞ս ինչ, տղա՛ս, բեր երկուսիս չափն էլ առնենք, որ տեսնենք, թե եզն ուտելուց հետո մեզանից ով ինչքան է չաղանալու:
Ու թելն առավ, իր ու որդու վիզը չափեց, հանգույցներ արեց: Սկսեցին միսն ուտել: Հայրը հանգիստ ուտում էր, իսկ որդու աչքը միշտ դռանն էր. հանկարծ եզան տերը չգա: Հենց որ շունը հաչում էր կամ խրճիթի մոտով մարդ էր անցնում, որդին միսն առնում, թաքնվում էր խորդանոցում, վախից ձեռքն ու ոտքը դողում էին:
Ամեն օր նույնն էր, մինչև որ վերջապես եզը կերան-պրծան: Հայրը որդուն ասաց.
- Դե՛, հիմա ե՛կ, վիզներս չափենք, տեսնենք մեզնից ո՞վ է չաղացել:
Չափեցին հոր վիզը երկու անգամ հաստացել էր, որդունը՝ երկու անգամ բարակել: Որդին զարմացավ.
- Էդ ինչի՞ց է:
- Նրանից է, որ դու գողացած եզ ես կերել:
- Բայց չէ՞ որ դու էլ ես նույն գողացածը կերել:
- Ո՛չ, ես էն գյուղը մտա, եզան գինը տիրոջը վճարեցի և հանգիստ սրտով էի ուտում, դրա համար էլ չաղացա, իսկ դու հենց որ սեղան էիր նստում, վախը վզիցդ բռնում էր ու խեղդում, դրա համար էլ վիզդ բարակել է: Գողացած բանը փոր չի կշտացնի, զավա՛կս:
Բելառուսական ժողովրդական հեքիաթ