Սպասում

  Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր: Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Մրսած օր էր: Փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները՝ աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին: Թվում էր, թե պաղը երկնքի հետ կապ չունի. ցուրտը ամեն մեկի համար իր ոտնատակից, շինություններից, գոց դուռ ու լուսամուտներից, ծխնելույզների շուրթերից, դժկամորեն անջատվող ծխի քուլաներից էր ելնում:

 

  Փողոցի շրջադարձում Կոմիտասը մայթին ընկած մի դրամապանակ տեսավ: Հնամաշ էր, պարունակությամբ՝ աղքատ՝ եղած չեղածը տասը ֆրանկ: Նայեց ժամացույցին. 12 –ին քառորդ էր պակաս, իսկ 12 –ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:Հանդարտ սկսեց քայլել՝ հետևելով փողոցով հատուկենտ անցնող անցորդներին: Համոզված էր, որ նա կգա, ու ինքը իսկույն կճանաչի նրան: Կճանաչի, որովհետև ինքը լավ գիտի քաղցի ու պաղի դեմքը: Հիշեց Բեռլինը, ուսանելու տարիները:

 

  1896 թվին էր, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկելիք ամսականն ուշանում էր: Դուրս էր եկել՝ մի ծանոթից պարտք խնդրելու: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց՝ ի՞նչ անել, կես մարկով ո՛չ կարող ես պանդոկ մտնել, ո՛չ խանութ:

 

 

  Բայց կարելի՜ է: Կես մարկանոց վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:

Այդ հուշը մի պահ կախվեց գլխավերևում, մի միտք լուսավորեց դեմքը: Նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել: Կոմիտասը գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանկի խորքում՝ տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել, որովհետև հարյուր մարդ հուսախաբ էր եղել, իսկ ինքը շահել էր: 

 

   

  Ձմռանն այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ ճաշի հրավեր ունի: Միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, գլուխ կոտրում՝ ինչ-որ առեղծված լուծելու համար:

  Արդեն չորս ժամ է, որ նա սպասում էր: Չորս ժամ է՝ ետ ու առաջ էր անում փողոցով:

 

  Ու եկավ նա… Դեռատի կին էր՝ այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով, բզկտված գլխաշորով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր: Նա քայլում էր տրտում ու անվստահ՝ պեղելով մայթը, փնտրելով, զննելով: 

  - Օրիո՛րդ, կինը ցնցվեց տղամարդու ձայնից, - Օրիո՛րդ, դուք որևէ բան կորցրե՞լ եք:

  - Այո՛… դրամապանակս եմ կորցրել, - ասաց ցածրաձայն: Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը և կնոջը մեկնեց դրամապանակը:

Մ. Գալշոյան