Միքելանջելո

  1504 թ. Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի հրապարակում տեղադրվեց Դավթի մարմարե արձանը (Դավիթն աստվածաշնչյան այն հերոսն է, ով հաղթեց հսկա Գողիաթին)՝ դառնալով ազատության և երկրի պաշտպանության խորհրդանիշ (արձանի բարձրությունը 5.17 մետր է, իսկ քաշը՝ 6 տոննա)։ Այն այժմ պահվում է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, իսկ հրապարակում կանգնեցված է դրա բրոնզե կրկնօրինակը: 16-րդ դարի հանճարեղ իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին այս քանդակի մասին ասել է. «Բոլոր նրանց, որոնք տեսել են այս գործը, այլևս ոչինչ չի զարմացնի»։ Դավթի քանդակը կերտել է իտալացի հայտնի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ Միքելանջելո Բուոնարոտին, ով դեռ մանկուց իրեն նվիրել էր արվեստին։ 13 տարեկանում նա արդեն հայտնի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի աշակերտն էր, իսկ մեկ տարի անց ընդունվում է քանդակագործ Բերտոլդո դի Ջովանոյի դպրոց, որը գործում էր Լորենցո դե Մեդիչիի հովանու ներքո։

 

 Որոշ ժամանակ անց Լորենցոն նկատում է Միքելանջելոյի տաղանդը, ինչի արդյունքում 1490-92 թթ. վերջինս դառնում է պալատական քանդակագործ՝ բնակություն հաստատելով Մեդիչիների մոտ։

  501 թ.  ստեղծած «Պիետտա» («Ողբ առ Քրիստոս») քանդակով Միքելանջելոն մեծ համբավ է ձեռք բերում: Այդ գործի հիմնական թեման մայրական վիշտն է: Տիրամայրը, անզոր ու անդառնալի կորստի ցավից քարացած, նայում է որդուն՝ Հիսուսին, իսկ ձեռքի հարցական շարժումն ուղղված է Աստծուն:

 

 

  Բայց հենց «Դավիթ»-ի շնորհիվ է Վերածննդի 29-ամյա նկարիչը հայտնի դառնում իբրև վարպետ-քանդակագործ: Այդ ժամանակ Ֆլորենցիայում մարմարի մի մեծ, շատ մեծ կտոր կար, որի բարձրությունն ավելի քան 5 մ էր: Քանդակագործներից մեկը (Ագոստինո դի Դուչչոն) սկսել էր այդ քարից քանդակ փորել, բայց քիչ անց ինքնակամ հրաժարվել էր քանդակից և արձանի ստեղծման աշխատանքները 10 տարով հետաձգել: Ավելի ուշ քանդակով սկսել էր զբաղվել մեկ այլ քանդակագործ (Անտոնիո Ռոսսելինոն), ով նույնպես կեսից հետ էր կանգնել։ Եվ միայն 40 տարի անց 26-ամյա հավակնոտ Միքելանջելոն, ստանձնելով քանդակը կյանքի կոչելու պատիվը, ստեղծում է իսկական արվեստի գործ։

 

  Մի անգամ երբ վարպետին հարցնում են, թե ինչպես կարողացավ ստեղծել Դավթի քանդակը, նա պատասխանում է՝ «Դավթի մտապատկերը ես մտքումս եմ ստեղծել, այնուհետև բացառել եմ այն ամենը, ինչը դրա հետ ոչ մի կապ չուներ»:

  Ասում են՝ քանդակի վերևի հատվածում՝ Դավթի գանգուր մազերի մեջ, չմշակված մարմարի մի կտոր կա, քանի որ վարպետի «հասակը» փոքր ինչ չի բավականացրել՝ անմշակ այդ հատվածի վրա աշխատելու համար:

 Հաճախ ժամանակակիցները չեն կարողանում գնահատել վարպետին՝ ըստ նրա արժանիքների, սակայն Միքելանջելոյի տաղանդը գնահատվում է նրա կյանքի ընթացքում: Նա բազմաթիվ պատվերներ է ստանում Ֆլորենցիայի ղեկավարների կողմից, այդ թվում նաև՝ անձամբ Հռոմի Պապից:  

 

 

  1508 թ. Միքելանջելոն սկսում է Հռոմում նկարազարդել Վատիկանի Սիքստինյան կապելլայի (կաթոլիկ և անգլիկան ճարտարապետության փոքր կառույց կամ առանձնացված սենյակ ընդհանուր կառույցում) ավելի քան 600 մ/2 մակերեսով վիթխարի առաստաղը: Անասելի դժվար պայմաններում, բարձր փայտամածին պառկած՝ նկարիչը պատկերներ է ստեղծում աշխարհի արարչագործության մասին (որմնանկարի ամենավառ կերպարներից է առասպելական առաջին մարդը): Չորս տարի շարունակ ծանրագույն աշխատանքի արդյունքում կերտում է մեկ այլ գլուխգործոց, որի համար, սակայն, շատ թանկ է վճարում. այն ավարտելուց հետո գրեթե կորցնում է տեսողությունը (գիրք կարդալու համար նա ստիպված էր այն պահել գլխից վեր, ինչպես կպահես  պառկած դիրքից կարդալիս): Ասում են նաև, որ այս աշխատանքից հետո Միքելանջելոն երկար տարիներ անդադար գլխապտույտների և արյան ճնշման տատանումների պատճառով չէր կարողանում ուղիղ քայլել:

 

  1546 թ.-ից մինչև կյանքի վերջը  (1564 թ. փետրվարի 18) Միքելանջելոն Վատիկանի Սբ. Պետրոս տաճարի գլխավոր ճարտարապետն էր: Նրա հիմնական աշխատանքը Հռոմի Սբ. Պետրոսի տաճարի և Կապիտոլիումի համալիրի կառուցումն էր (2 շինություններն էլ ավարտվել են Միքելանջելոյի մահից հետո): Միքելանջելոյի կենդանության օրոք կառուցվում է Սբ. Պետրոսի տաճարի արևելյան մասը, իսկ գմբեթը, որ բացառիկ գործ է, նրա մահից հետո տեղադրում է Ջակոմո դելլա Պորտան: Ծերության տարիներին Միքելանջելոն սկսում է բանաստեղծություններ գրել, որոնք տպագրվում են միայն նրա մահից հետո: