Հրանտ Դինք

 

  1913-1915 թթ. թուրքական կառավարությունը որոշել էր բնաջնջել հայերին և թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում: Սակայն թուրքը ձախողեց իր բոլոր փորձերը: Այդ դժվարին տարիներից հետո էլ հայ ժողովուրդը շարունակեց ապրել և արարել: Եվ ուր էլ որ տարան կյանքի հանգամանքները, հայը չմոռացավ իր ով լինելը, չմոռացավ իր հայրենիքը: Հայ ժողովրդի այդ նվիրյալ զավակներից էր Հրանտ Դինքը:

 

 

  Նա ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին Թուրքիայի Մալաթիա շրջանում: 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ. սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության (1978 թվական) և փիլիսոփայության (1987 թվական) ֆակուլտետները։ Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող։ 1996 թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև։ Ինչպես Ստամբուլ տեղափոխված շատ հայ երիտասարդներ, այնպես էլ Հրանտ Դինքը ամառներն անց է կացրել «Քամփ Արմեն»-ում, իսկ դասերի ժամանակ ապրել Գետիկփաշայի գիշերօթիկում (գտնվել է Հայաստանյաց Ավետարանական եկեղեցում): Հրանտը հենց այստեղ է հանդիպել իր ապագա կնոջը՝ Ռաքել Դինքին: 1977 թվականի ապրիլի 23-ին նրանք պսակադրվել են: Այդուհետ Ռաքելը դարձել է Հրանտի կյանքի անբաժան ուղեկիցը, խորհրդատուն, գործընկերը:  Ունեցել են երեք երեխա` Պայծառը (Դելալ), Արարատը և Սերան: 

 

 

  Երբ «Քամփ Արմեն» ճամբարի հիմնադիր Հրանտ Գյուզեյանը ձերբակալվել է (պետությունը նրան մեղադրում էր ճամբարում ահաբեկիչներ պատրաստելու մեջ), Հրանտ և Ռաքել Դինքերը մինչև 1983 թվականը հանձն են առել ճամբարի խնամակալությունը, երբ պետությունը վերջնականապես փակել է ճամբարն ու հայ համայնքից խլել սեփականության իրավունքը (2015 թ. ճամբարի տարածքի սեփականատերը որոշել է քանդել ճամբարի շենքը, սակայն Պոլսում բնակվող հայ երիտասարդների ու համախոհների ջանքերով 175 օր տևած պայքարից հետո ճամբարը վերադարձվել է հայկական համայնքին): 

  2007 թվականի հունվարի 19-ին տեղի ունեցավ Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը: Այդ օրը անկյունաքարային եղավ Թուրքիայի պատմության մեջ. հարյուր հազարավոր քաղաքացիներ հուղարկավորության ժամանակ փողոց դուրս եկան՝ «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսով:

  «Հուղարկավորությունից առաջ Ռաքել Դինքը «Սիրելիին նամակ» գրեց, որում ասվում էր.

  «Ո՞վ կարող է մոռանալ քո գրածներն ու ասածները, սիրելի՛ս: Ո՞ր խավարը կարող է մեզ ստիպել մոռանալ. վա՞խը, ճնշված կյա՞նքը, նյութական աշխարհի հաճույքնե՞րը, մի՞թե մահը: Ո՛չ, սիրելի՛ս, ոչինչ չի կարող ստիպել մեզ մոռանալու քեզ»: