Նորավանք

  Մոմիկի անունը սերտորեն կապված է հայկական մշակույթի զարդերից մեկի՝ Նորավանքի հետ: Նորավանքը կամ Ամաղու Նորավանքը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Այն հիմնադրել է Վահանավանքի (Կապանի մերձակայքում) վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, ով 1105 թվականին այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել՝ Նորավանքը եպիսկոպոսանիստ ճանաչելու վերաբերյալ։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։

 

  Նորավանքի մասին կա հետևյալ ավանդազրույցը. Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Աղջիկն էլ Մոմիկին է հավանում։ Սյունյաց իշխանը, իմանալով այդ մասին, կանչում է Մոմիկին և ասում. «Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նոր գեղեցիկ վանք շինես ինձ համար»։

  Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում։ Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով՝ քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը։ Բայց… Իշխանի ծառան տիրոջ հրամանով բարձրանում է վանքի գմբեթը և այնտեղից ցած է հրում Մոմիկին։ Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում նրա համար:

 

 

  Հայկական մշակույթում հազվադեպ ենք հանդիպում Հայր Աստծո պատկերին: Այդ բացառությունների թվում է Նորավանքի «Աստված և Ադամը» բարձրաքանդակը: Կենտրոնական պատկերախումբը այնքան խորն է քանդակված, որ ետին պլանում արված զարդանախշերը առավել արտահայտիչ են ընկալվում։ Ի տարբերություն քրիստոնեական պատկերագրության սկզբունքի, որով կերտվում էին Հայր Աստծո խորհրդանշական պատկերներ (աջ ձեռք, լույսի շող և այլն)՝ հեղինակը (ենթադրաբար Մոմիկն է) իր հրաշագեղ վարպետությամբ նրան պատկերել է իրական` մորուքավոր մարդու կերպարանքով։ Հորինվածքի կենտրոնում ներկայացված է Հայր Աստծո քանդակը` աջ ձեռքը խաչված Քրիստոսի խաչելության տեսարանին, որի երկու կողմերում Սուրբ Կույսն ու Հովհաննես Ավետարանիչն են, իսկ գահի վերևում՝ Դանիել մարգարեի պատկերաքանդակը։

 

  Հայր Աստծո ձախ ձեռքում Ադամի գլուխն է: Այսպիսով բարձրաքանդակը հավատացյալներին կարծես ներկայանում է որպես քարե պատկերազարդ գիրք, որի իմաստը հետևյալն է. Աստված մեզ նախ կյանք է տվել Ադամի հետ, ապա Իր որդու զոհաբերմամբ։

  Մոմիկը Նորավանքում կերտել է նաև մեծարվեստ ու նրբահյուս զարդերով խաչքարեր, որոնք այժմ ցուցադրվում են Սբ Էջմիածնի և Եղեգնաձորի թանգարաններում։