Երվանդ Քոչար

  Աշխարհի գրեթե բոլոր քաղաքներն ունեն իրենց խորհրդանիշը: Օրինակ՝ Փարիզը հայտնի է իր Էյֆելյան աշտարակով, Իտալիայի Պիզա քաղաքը` Պիզայի աշտարակով: Մեր սիրելի Երևանի խորհրդանիշերից մեկն էլ բոլորիս քաջ հայտնի «Սասունցի Դավիթ» քանդակն է, որը գտնվում է կայարանամերձ, այն է՝ Սասունցի Դավթի հրապարակում, և արդեն կես դարից ավելի է, ինչ դարձել է մեր քաղաքի խորհրդանիշը: Քանդակի հեղինակը հայ մեծանուն նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարն է (1899-1979):

 

 

  Եթե ուշադիր նայենք քանդակին, ապա կնկատենք, որ Դավթի մարմինը շարժման մեջ է` պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին` Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ՝ ժայռի անկյունում, բրոնզե թասն է` հայ ժողովրդի համբերության խորհրդանիշը: Ասում են՝ երբ Քոչարին հարցրել են, թե ինչու է արձանի պատվանդանը փոքր, վարպետը պատասխանել է. «Երբ Արևմտյան Հայաստանը նորից մերը կլինի, այն ժամանակ էլ պատվանդանը կմեծանա»:

 

  Երվանդ Քոչարը բացի «Սասունցի Դավիթ» քանդակից, կատարել է նաև էպոսի նկարազարդումները կամ իլյուստրացիաները` Հովսեփ Օրբելու պատվերով: Նկարիչը շատ ոգևորված էր այդ պատվերով, ուստի անմիջապես ժամանել է Երևան` աշխատանքները սկսելու համար: Նրան շատ էր տանջում այն միտքը, թե ինչ պետք է ստեղծի, որ  արժանի լինեն իսկապես կոչվելու իլյուստրացիաներ: Երկար մտածելուց հետո գալիս է այն եզրակացության, որ հայ ժողովրդի ամենաառաջադեմ, ամենաառաջավոր ճյուղը ճարտարապետությունն է, այսինքն՝ քարի մշակույթը: Այդ պատճառով Քոչարն իր նկարազարդումներն անում է քարի ֆակտուրայով, որպեսզի դրանք հիշեցնեն քարը: Նա ստեղծում է այնպիսի բան, որ նայողին թվում է, թե դրանք քարեր են, ժայռեր, որոնց վրա դեռ Սասունցի Դավթի ժամանակվանից են փորագրել էպոսը պատկերող նկարներ: 

 

 

  Երվանդ Քոչարն այն սակավաթիվ հայ արվեստագետներից է, ով իր կենդանության օրոք է հայտնի դարձել եվրոպական երկրներում: Նա տարիներ շարունակ ցուցահանդեսներ է ունեցել հայտնի նկարիչների` Պիկասոյի, Լեժեի, Կանդինսկու, Միրոյի, Դիլանոյի և այլոց հետ:

  Քոչարը ստեղծել է նաև պլաստիկ – նկարչական նոր արտահայտչաձև` «Տարածական նկարչություն»,  որը ներառում է նաև ժամանակը` որպես լրացուցիչ չորրորդ չափում: Եթե փորձենք նկարագրել, թե ինչ է «Տարածական նկարչությունը», ապա կարող ենք ասել, որ Քոչարը ստեղծել է մետաղյա վահանակներ, որոնց  վրա նկարել է համապատասխան թեմայով նկարներ: Ապա դրանք տեղադրել է շարժիչի վրա, որն էլ պտտվելով` ցուցադրել է վահանակի նկարները: Այսպիսով հօդս է ցնդել ժամանակի և տարածության միջև պատնեշը:

  Քոչարն առաջարկել է ընդարձակել տեսողական մտածողության սահմանները` շարժման միջոցով ներկայացնելով քարացած ձևերը: Նա խառնել է նկարչության պլաստիկությունը եռաչափ ձևերի հետ: Այսօր արվեստի այս տեսակը հայտնի է որպես 3D գրաֆիկա անվամբ:

  Քոչարը մեկն էր նրանցից, ով մի քանի տարում շուռ տվեց աշխարհը և ամբողջությամբ փոխեց ժամանակակից արվեստի մասին պատկերացումը: