Հայ ժողովրդի դժվարին պատմության ընթացքում եղել են մարդիկ, ովքեր անձնվեր աշխատանք են կատարել: Ահա այդպիսի մի մարդու մասին ենք ուզում պատմել ձեզ, ում հնարավոր է շատերը չեն ճանաչում, սակայն նրա կատարած գործն անմահ է: Վերապատվելի Հովհաննես Էսքիջյանը, ով բնիկ ուրֆայեցի է, ծնվել է 1882 թ.:
1895 թ-ի հայկական ջարդերի ժամանակ նրա հայրը սպանվում է թուրքերի կողմից, իսկ ինքը հայտնվում է որբանոցում, որտեղ էլ ստանում է նախնական կրթություն: Այնուհետև բարձրագույն կրթություն ստանալու համար ուղևորվում է Այնթապի Ամերիկյան քոլեջ: Այստեղ է, որ պատանին որոշում է դառնալ հոգևոր գործիչ և իրեն նվիրել Աստծո խոսքի տարածմանը:
1905 թ. հաջողությամբ ավարտելով քոլեջը` ընդունվում է Մարաշի Աստվածաբանական ճեմարան: 1913 թ. սեպտեմբերին Հալեպի Հայ Ավետարանական եկեղեցու հրավերն ընդունելով` արդեն վեր. Հովհաննես Էսքիջյանը ընտանիքով տեղափոխվում է Հալեպ: Անկասկած այս տեղափոխությունն Աստծո կամքով էր, որպեսզի բոլոր շրջաններից դեպի անջրդի և կիզիչ անապատները աքսորվող հայերի համար դառնար պաշտպան, մխիթարանք և սպեղանի:
Այդ օրերին Հովհաննես Էսքիջյանը, ծանոթանալով Բաբ ալ Նասրի պահականոցի ոստիկանապետ մարդասեր ալբանացի Սելիմ Էֆենդու հետ, առանց վճարի տասնյակ մարդկանց և ընտանիքներ էր պահում Գազանճի թաղի եկեղեցում և դրա դիմաց գտնվող շենքի ստորերկրյա թաքստոցներում: Այս ազնիվ ոստիկանապետը մեկ օր առաջ Էսքիջյանին տեղեկացնում էր, որ հաջորդ օրը եկեղեցու թաղամասում ապաստանած հայերին Գարլըք են ուղարկելու, այնպես որ թաքստոցներից թող մարդ դուրս չգա: Եթե նա ընկերանում էր խուզարկող ոստիկանների հետ, ո՛չ եկեղեցին էր խուզարկվում, ո՛չ նրա դիմացի շենքը: Իր բացակայության ժամանակ էլ փոխանորդին էր հրամայում, որ այդ երկու հաստատությունները չխուզարկվեն:
Վեր. Հովհաննես Էսքիջյանը Գարլըքի և Հալեպի երկաթգծի կայարաններ մտնելու և հայերին օգնություն ցուցաբերելու հատուկ անցաթուղթ ուներ՝ այն լիարժեք օգտագործելու թույլտվությամբ: Անտեսելով քունը` նա ականջ էր դնում գնացքների անցուդարձին և գնում կայարաններ: Նա շրջում էր վագոններով և այնտեղից իր հետ քաղաք տանում երեխաների, երիտասարդ աղջիկների և տղաների: Վեր. Էսքիջյանը գիշերն էլ էր գնում Գարըլք, գտնում հայ որբերի և վերարկուի տակ թաքցնելով` նրանց տուն բերում: Տիկին Էսքիջյանը լողացնում, հագցնում և կերակրում էր նրանց: Հետո նա աշխատանք էր գտնում շատ տղաների, աղջիկների և երիտասարդ կանանց համար, ովքեր ծառայում էին արաբական տարբեր ընտանիքներում: Նրա նշանաբանն էր. «Մենք պարտավոր ենք անել այն, ինչ կարող ենք` բոլոր հնարավոր ճանապարհներով փրկելու ևս մեկ հայի կյանք»:
Նա գերմանական երկաթուղային ընկերության միջոցով աշխատանք է գտնում շատ երիտասարդ հայերի համար, որը Էնթելիի մոտ գտնվող Ամանոսի լեռներում թունելներ էր կառուցում Բեռլին - Բաղդադ երկաթգծի համար: Բնականաբար թուրքական կառավարությունն անտեղյակ չէր նրա գործունեությունից և աչքը նրա վրա էր պահում: Էսքիջյանին օգնում էր նաև մի թուրք ոստիկան` նրան զգուշացնելով սպասվող ստուգումների մասին:
Հայտնի չէ, թե քանի որբ է փրկել վեր. Հովհաննես Էսքիջյանը: Նրա հետ անմիջապես աշխատող և նրա որբանոցի սան Ջոն Մինասյանն ասում էր, որ հազարավոր որբեր են փրկվել: Նա խնամում և հոգ էր տանում բոլորի մասին իր հարազատ երեխաների պես: Բոլորի համար ջերմ և մխիթարող խոսք ուներ: Նա հայր էր բոլոր նրանց համար, ում կարողացել էր փրկել: Վեր. Հովհաննես Էսքիջյանը անկեղծորեն հավատարիմ էր Հիսուս Քրիստոսի նկատմամաբ իր հավատին և հորդորում էր իր որբերին և եղբայրներին չուրանալ իրենց Տիրոջը, եթե ողջ մնալու դիմաց տրվեր մահմեդական դառնալու հնարավորությունը:
Նա մահացել է տիֆից, որի պատճառ ոջիլներն էին: Դրանք նրան անցել էին այն մարդկանցից, ում օգնել էր: 1915-1916 թթ. հրատապության մեջ ապրել է մի քանի կյանք: Նրա թողած ժառանգությունը հավերժական է: Նա իր գործով հաղթանակ տարավ Օսմանյան իշխանության ծրագրերի դեմ: