Վարդագույն քարերի քաղաքը

  Աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Երևանը, ավելի քան 2800 տարեկան է:

 Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի ափին առաջացավ Վանի հայկական թագավորությունը, որին նաև անվանում են Ուրարտու, Բիայնիլի կամ Արարատյան թագավորություն: Թագավորության հիմնադիրը Արամե թագավորն էր:

 

  Արարատյան թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրեց Էրեբունի ամրոց-քաղաքը` մեր օրերի Երևանը, որը դարձավ երկրի կարևորագույն քաղաքներից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է Արգիշտի արքայի թողած սեպագիր արձանագրությունից.

 

  «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

 

 

  Մեր մայրաքաղաքի անունը Էրեբունի բառի փոփոխված տարբերակն է: Ուրարտերեն «բ» հնչյունը հայերենում հնչում է իբրև «վ»: Էրեբունի անունը ձևափոխվել  և դարձել է Երևան:

  Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս՝ այսօր կանգուն է և դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:

 

 1918թ. մայիսի 28-ին, երբ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, Երևանը դարձավ մայրաքաղաք: 1920թ. նոյեմբերի 29-ին` այն դարձավ արդեն Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը: 

 

  1924 թվականին մեծ ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը կազմեց Երևանի հատակագիծը: Երևանյան շենքերը կառուցվում էին բազալտով, գրանիտով, մարմարով և շատ այլ քարերով: Բայց ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութը յուրահատուկ երանգ էր տալիս քաղաքին, այն սկսեցին անվանել վարդագույն քաղաք: 1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև ողջ հայության մայրաքաղաքը: