Իմաստուն թագավորը

  Տարիներ առաջ մի շատ իմաստուն թագավոր էր ապրում։ Նա գեղեցիկ պարտեզ ուներ, որտեղ բնակվում էին տարբեր կենդանիներ, և աճում էին աշխարհի ամենայուրահատուկ բույսներն ու ծաղիկները:

  Մի պայծառ օր մի փոքրիկ մեղու, կորցնելով իր ճանապարհը, հայտնվեց թագավորի գեղեցիկ պալատում, ու այն այնքան դուր եկավ նրան, որ խնդրանքով դիմեց թագավորին. «Խնդրում եմ, թույլ տուր ապրել այստեղ, և ես կծառայեմ քեզ»։ Թագավորին զվարճալի թվաց այն փաստը, որ փոքրիկ մեղուն կարող էր ծառայել այդքան ուժեղ թագավորին։ Բայց այնուամենայնիվ նա ազատություն տվեց մեղվին. «Գնա՛ և ապրի՛ր իմ այգում։ Այսօր ես քո օգնության կարիքը չունեմ»։

  Շատ օրեր անց մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել թագավորի այգում։ Հեռավոր մի երկրի թագուհի, ով լսել էր թագավորի իմաստության մասին, եկել էր անձամբ տեսնելու և համոզվելու, թե արդյոք մարդիկ ճիշտ են ասում նրա իմաստության մասին։

 

 

  Նա իր մեծ շքախմբով ժամանեց թագավորի պալատ, տվեց իր թանկարժեք նվերները և առաջարկեց իր բարեկամությունը՝ ասելով. «Լսել եմ, որ դուք շատ իմաստուն թագավոր եք։ Պատրա՞ստ եք փորձարկել ձեր իմաստությունը»։

  Թագավորի համաձայնությունը ստանալուց հետո թագուհին պատրաստեց ամենադժվար փորձությունները, որպեսզի թագավորը ձախողի, սակայն թագավորը չէր ձախողվում։ 

 

  Մի օր էլ թագուհին նրան տվեց թանկարժեք մի քար, որի կենտրոնում փոքրիկ անցք կար և ասաց. «Եթե այդքան իմաստուն ես, կարո՞ղ ես թելն անցկացնել այդ անցքի միջով»։ Թագավորը, մի փոքր մտածելուց հետո, խնդրեց շերամին, որ անցնի քարի միջով։ Շերամն անցավ քարի միջով, որն այդքան էլ բարդ բան չէր նրա համար, և մետաքսե բարակ թելը մնաց անցքի մեջ։ Թագուհին շատ բարկացավ և իր խորհրդատուներին ասաց. «Մենք պետք է մի բան մտածենք, որպեսզի կարողանանք հիմարեցնել թագավորին»: Նրանք մի ծրագիր մշակեցին, որը հաստատ պետք է հաջողեր: Նրանք թագուհու այգեպանին հրամայեցին իննսունինը արհեստական ծաղիկներից ծաղկեփունջ պատրաստել և միայն մեկ բնական ծաղիկ դնել: 

 

  Արհեստական ծաղիկներն իրենց տեսքով չպետք է տարբերվեին բնականից, իսկ թագավորը պետք է գտներ այդ միակ բնական ծաղիկը: Ծաղիկներն այնքան իրական էին, որ նույնիսկ թագուհին չէր կարող տարբերել:

  «Վաղը հիասքանչ օր է լինելու, քանի որ մենք կստիպենք խելացի թագավորին բոլորի առջև հիմարի տեսք ունենալ: Վաղը՝ խնջույքի ժամանակ, մենք կփորձենք թագավորին՝ նրան հանձնարարելով ծաղիկներից առանձնացնել բնականը»:

  Հաջորդ օրը թագավորի պալատում մեծ խնջույք էր, և շատ հյուրեր կային: Թագավորական ճաշից հետո թագուհին կանգնեց և խոսեց. «Խնդրում եմ լսեք ինձ, որովհետև ես շատ կարևոր բան պետք է ասեմ: Այսօր թագավորը վերջին փորձությունը պետք է անցնի: Իմ այգեպանը հավաքել է բազմաթիվ գեղեցիկ ծաղիկներ: Նրանք բոլորն այնքան իրական տեսք ունեն, բայց իննսունինը կեղծ են և միայն մեկն է իրական: Կարո՞ղ է արդյոք մեր իմաստուն թագավորը գտնել այն»:

 

 

  Թագավորը չցանկացավ հիմար երևալ իր ժողովրդի աչքին և ընդունեց մարտահրավերը: Նա հոտ քաշեց ծաղիկներից, բայց նրանք այնքան անուշ էին բուրում: Ծաղիկներն այնքան գեղեցիկ և անուշահոտ էին, որ դժվար էր կռահել, թե որն էր իրական, որը ոչ: Ժողովուրդն անհամբեր սպասում էր, թե ինչ կլինի: Իրենց թագավորը կկարողանա՞ գտնել իսկական ծաղիկը: Թագավորը մնացել էր կանգնած և չգիտեր՝ ինչ անել: Եվ հանկարծ ծանոթ բզզոց լսեց: Դա այն փոքրիկ մեղուն էր, որին օրեր առաջ թագավորը փրկել էր: «Ես այստեղ եմ՝ պատրաստ ծառայելու ձեզ, ձե՛րդ գերազանցություն: Եկել եմ փոխհատուցելու ձեր լավության դիմաց»: Մեղուն արագ թռավ բոլոր ծաղիկների վրայով և կանգնեց իրական ծաղկի վրա, որը քաղցր էր և շատ հոտավետ: Թագավորն անմիջապես վերցրեց այդ ծաղիկը և ասաց. «Ահա՛, սա է իրական ծաղիկը»։ Թագուհու այգեպանը վերցրեց ծաղիկը և հաստատեց, որ այն իրական է: Թագուհին հանձնվեց և համաձայնվեց, որ այս թագավորն ամենախելացին է: