Մենք պետք է ձգտենք նմանվել Աստծուն: Ի՞նչ կարող ենք անել Նրան նմանվելու համար:
Ուշադիր կարդա՛ և խորհի՛ր հետևյալ հարցերի մասին:
Հիսուս լվաց իր աշակերտների ոտքերը և ասաց նրանց. «Արդ, եթե Ես՝ ձեր Տերն ու Վարդապետը, ձեր ոտքերը լվացի, դուք էլ պետք է միմյանց ոտքերը լվանաք» Հովհ. 13.14:
Դու ինչպե՞ս կարող ես ծառայել ուրիշներին:
«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»: Հովհաննես 3.16
Աստված իր սերը մեր նկատմամբ ցույց տվեց՝ Իր Որդուն ուղարկելով: Դու ի՞նչ կարող ես անել հանուն քո սիրելի մարդկանց:
Երբ Հիսուսը բարձրացավ Ձիթենյաց լեռը՝ աղոթելու, որքան էլ իր համար դժվար էր, կատարեց Հոր կամքը՝ ասելով. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրու՛ Ինձնից: Բայց ոչ թե Իմ կամքը, այլ Քո՛ կամքը թող լինի»: Ղուկաս 22.42
Հիսուսն անդադար աղոթում էր: Որքա՞ն հաճախ ես դո՛ւ աղոթում:
Սաղմոս 11.7-ն ասում է. «Քանի որ արդար Տերը արդարություն է սիրում, Նրա երեսը շիտակին է նայում»:
Աստված արդար է և ուզում է, որ մենք էլ արդար լինենք: Իսկ դու արդա՞ր ես քո քայլերում:
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ Իմ այս եղբայրներից ամենափոքրին արեցիք՝ Ինձ արեցիք»: Մատթեոս 25.40
Աստված գիտի և հոգում է մեր կարիքները: Նա ուզում է, որ մենք էլ հոգ տանենք մյուսների մասին: Ինչպե՞ս կարող ես հոգ տանել նրանց մասին, ովքեր քո օգնության կարիքն ունեն:
Հիսուսն իր երկրային կյանքի ընթացքում սովորեցնում էր իր աշակերտներին: Համբարձվելուց առաջ Նա պատվիրեց նրանց, որ իրենք էլ սովորեցնեն մյուսներին. «Սովորեցրե՛ք նրանց, որ պահեն այն ամենը, ինչ Ես ձեզ պավիրեցի»: Մատթեոս 28.20
Ո՞ւմ կարող ես սովորեցնել Հիսուսի պատվիրանները: