Ես Սրբուհի Աբրահամյանն եմ: Ծնվել եմ 1996 թ. մայիսի 15-ին, Արցախի Շուշի քաղաքում: Հինգ տարեկան էի, երբ առաջին անգամ հաճախեցի Արցախի Հյաստանյայց Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա դպրոց: Անհամբեր սպասում էի, թե երբ է գալու ժամանակը, որպեսզի ես էլ կարողանամ մասնակցել ճամբարներին: Իմ կյանքում մանկական և պատանեկան ճամբարներն իրենց լուրջ դերակատարումն են ունեցել: Ճամբարներից ունեմ շատ վառ հիշողություններ, ծանոթություններ, նոր ընկերներ, իսկ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ ամեն տարի նորովի եմ ճանաչել Աստծուն: Յուրաքնչյուր տարին մի նոր բացահայտում էր: Ճամբարն ինձ համար տան պես էր:
Պատանի տարիքում էի, երբ առաջին անգամ ծառայեցի ճամբարում՝ որպես օգնական, այնուհետև՝ որպես առաջնորդ: Չեմ կարող բացատրել այն տպավորությունը, որն ունեի ծառայության ընթացքում և դրանից հետո. նոր լիցքերով, նոր մոտեցումներով և նոր աշխարհայացքով ձևավորված մեկն էի: Ոգևորությունս մեծ էր, երբ գիտեի, որ այդ օրերի ընթացքում կարևորագույն գործ եմ կատարում՝ ծառայելով թե՛ Աստծուն, թե՛ մանուկներին: Ցանկանում էի ամեն բան անել լավագույն ձևով, չնայած խոչնդոտող հանգամանքներին՝ ծառայել ամբողջ սրտով:
Ճամբարն իմ անձի, բնավորության, հոգևոր կյանքի, թերություններս շտկելու համար կարևոր նախապայմաններից մեկն է եղել: Այն գիտակցումը, որ Աստծված նաև իմ միջոցով է իրականցնում իր ծրագիրը, տալիս է ինձ զգոնություն և պատրաստակամություն: Եկեղեցում ծառայելու հնարավորությունը, որ տրվեց ինձ, իմ կյանքի ամենամեծ և ցանկալի ձեռքբերումն է: