Մայիսյան հերոսամարտեր․ Գուրգեն Տեր-Մովսիսյան

 

  Փորձառու, բայց անվճռական գեներալ Թովմաս Նազարբեկյանը կորցրել էր հաղթանակի հույսը և Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից պահանջում էր շուտափույթ հաշտություն կնքել թուքերի հետ, իսկ թուրքական զորքը շարունակում էր իր առաջխաղացումը։ Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում և ներկայացնում է Թ Նազարբեկյանի կարգադրությունը, այն է՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սևան ու թաղել Ծովագյուղ գյուղի մոտ։ Բարեբախտաբար խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը, բարկացած ոտքի է կանգնում և հայտարարում է «Ես չե՛մ հնազանդվի այդ որոշմանը։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք չունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու։ Ով տղամարդ է և հայի արյուն ունի իր երակներում, թող իմ հետևից գա»։

 

 

  Նրան է միանում վիրավոր Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, ով Երևանից Արամ Մանուկյանի պահանջն էր ստացել՝ դիմանալու գոնե երեք օր, քանզի Ղարաքիլիսան (Վանաձոր) գրավելուց հետո թուրքական բանակը Դիլիջան-Սևան-Ախտա գծով կարող էր հասնել Երևան։ Այսպես ապստամբած և ի վերջո Թ Նազարբեկյանի համառությունը կոտրած զորքը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանի թնդանոթաձիգների և Նժդեհի հեծյալ հարյուրյակի առաջնորդությամբ մայիսի 24-ին վերադառնում է Ղարաքիլիսա։ Սկսվում է ճակատամարտը։ Գուրգեն Տեր-Մովսիսյանը հրետակոծում է թշնամու դիրքերը, սակայն նկատելով, որ առաջին գծում պասիվություն է տիրում, թողնում է իր դիրքը, հեծնում ձին և սլանում առաջին գիծ՝ զինվորներին քաջալերելու և հարձակման տանելու, և այդպես էլ հերոսաբար զոհվում է․․․ 

 

  Ղարաքիլիսայի մատույցներում հայկական կորպուսի և աշխարհազորայինների մղած անհավասար ճակատամարտը տևում է 4 օր՝ մայիսի 25-28-ը, որը թեև ի վերջո ողբերգական ավարտ է ունենում, բայց Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում։ Այն 1918թ Արևելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք ճակատամարտերից (Սարդարապատ, Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան) ամենախոշորն ու միաժամանակ ամենահերոսականն էր, քանզի հաջողվում է կանխել թուքերի առաջխաղացումը դեպի Երևան և Սարդարապատի ճակատամարտում այդպես էլ համալրում չստացած թշնամուն հաղթելու հող է նախապատրաստում ու փրկում երկիրը կործանումից։ Փաստորեն եթե Գուրգեն Տեր-Մովսիսյանը չընդվզեր զինվորական ղեկավարության որոշման դեմ ու քաջություն չդրսևորեր, գուցե այսօր Հայաստանը գոյություն չունենար։ 

 

 

  Ի դեպ, Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի գոյամարտերը ոչ թե հուսահատության հասած հայության «ինքնաբուխ պոռթկման»  կամ «համաժողովրդական պայքարի» արտահայտություն էին, այլ տվյալ դարաշրջանի ազգային ընտրանու՝ Հայկական կորպուսի միջին ու ստորին օղակների սպայության (Պողոս Բեկ-Փիրումյան, Գուրգեն Տեր-Մովսիսյան, գնդապետներ Սիլիկյան, Ղորղանյան և Սամարցյան) ու ՀՅԴ մարտական թևի լավագույն ներկայացուցիչների (Դրաստամատ Կանայան, Գարեգին Նժդեհ) կողմից գիտակցված ինքնազոհության գնալով՝ ժողովրդին արթնացնելու և հերոսացումի առաջնորդելու հետևանք, որը և տվեց իր արգասիքը։ Պատահական չէ, որ թուրք հրամանատարներից մեկն ասել է «Ղարաքիլիսայում հայերն ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»։