Անտառային արտույտը

  Խուլ անտառում մի ծեր ճգնավոր էր ապրում: Նա, ով սիրում էր անդորր, առանձնություն, ընկերացել էր անտառային մի արտույտի հետ: Մի անգամ նրա մոտ հարևան դղյակից  երկու զինյալներ են գալիս և խնդրում են օգնել իրենց հիվանդ տիրոջը, որի վիճակը, անկախ նշանավոր բժիշկների թափած ջանքերից, ժամ առ ժամ ավելի էր վատանում:

 

  Իր բարեկամ արտույտի ուղեկցությամբ ծերունին զինյալների հետ անմիջապես ճանապարհ է ընկնում, և շուտով նրանք մտնում են դղյակ:

 

 

  Հիվանդի գլխավերևում չորս բժիշկ էին հավաքվել: Նրանք անշտապ զրուցում էին միմյանց հետ՝ շարունակ գլուխները մտահոգ տարուբերելով:

  - Արդեն ոչ մի բանով օգնել հնարավոր չէ, - կամացուկ ասաց բժիշկներից մեկը, որը, տեսքից դատելով, նրանցից ամենանշանավորն էր:

 

  Իսկ ճգնավորը, շեմի մոտ կանգնած, աչքը չէր կտրում իր փետրավոր ընկերոջից, որը, առաստաղի տակ մի քանի պտույտ գործելուց հետո, նստել էր բարձրադիր պատուհանագոգին և սևեռուն նայում էր հիվանդին:

 

  - Կառողջանա, - թռչնին նայելով՝ հաստատապես ասաց ծերունին:

  - Այս բռի տգետն ինչպե՞ս է համարձակվում քիթը խոթել ուրիշների գործերի մեջ, - միաբերան բացականչեցին վրդովված բժիշկները:

 

  Այդ ընթացքում մեռնող հիվանդը, բացելով աչքերը և տեսնելով իր առջև՝ պատուհանագոգին նստած թռչնին, փորձեց ժպտալ: Նրա այտերը սկսեցին աստիճանաբար վարդագունել, ուժերը՝ տեղը գալ, և, համընդհանուր զարմանք առաջացնելով, դղյակի տերը թույլ ձայնով շշնջաց.

  - Ես ինձ անհամեմատ լավ եմ զգում:

 

 

  Մի քանի օր անց ծանր տկարությունից վերջնականապես ապաքինվելով՝ նշանավոր ասպետը գնաց անտառ՝ ճգնավորի մոտ՝ ցանկանալով երախտագիտություն հայտնել իրեն ապաքինողին:

 

  - Ինձ երախտագիտություն մի՛ հայտնիր, - ասաց ծերունին: - Արտույտը ցանկացած հիվանդության նկատմամբ շատ զգայուն է: Եթե նա, հիվանդին մոտ գտնվելիս, մի կողմ է նայում, ապա առողջանալու հույսը քիչ է լինում, և այդտեղ դժվար է լինում որևէ բանով օգնել: Իսկ եթե նա աչքը չի կտրում հիվանդից, ապա վերջինս հաստատ կկարողանա հաղթահարել հիվանդությունը: Իր բարի, կարեկցական հայացքով թռչնակն ապաքինում է բերում:

 

  Մեր կյանքում էլ բարին, զգայուն արտույտի պես, խուսափում է ամեն անառողջ, այլանդակ ու վատ բանից՝ գերադասելով կողք կողքի ապրել ազնիվ, վեհանձն դիտավորությունների ու արարքների հետ: Ստվերոտ անտառներում ու ծաղկող մարգագետիններում բույն հյուսող թռչունների պես բարությունը միշտ ապրում է զգայուն, կարեկից սրտում:

 

  Իսկական սերը դժբախտության մեջ է երևան գալիս: Որքան ավելի թանձր է լինում գիշերային խավարը, նա, կրակի նման, այնքան ավելի պայծառ է լուսավորում:

Լեոնարդո դա Վինչի