Եվ երբ մեծ բազմություն հավաքվեց Նրա շուրջը, և շատ քաղաքներից Իր մոտ եկան, այս առակն ասաց նրանց․ «Սերմնացանը գնաց իր սերմը ցանելու։ Եվ երբ ցանում էր, մի քանիսն ընկան ճանապարհի եզրին և կոխկրտվեցին ու երկնքի թռչունները կերան դրանք։
Մի քանիսն ընկան ապառաժի վրա և ծլելուն պես չորացան, որովհետև խոնավություն չկար։ Եվ մի քանիսն ընկան փշերի մեջ, և փշերը դրանց հետ աճեցին ու խեղդեցին դրանց։ Ուրիշներն էլ ընկան լավ հողի մեջ և աճեցին ու հարյուրապատիկ պտուղ տվեցին»։ Այս բաներն ասելուց հետո բարձրաձայն կոչեց․ «Ով լսելու ականջ ունի, թող լսի՛»։
Առակի մեկնությունը
Նրա աշակերտները հարցրին Նրան, թե ի՛նչ է այդ առակի իմաստը։ Նա էլ ասաց․ «Ձեզ տրված է իմանալ Աստծո արքայության խորհուրդները, բայց ուրիշներին՝ առակներով, որ նայեն, բայց չտեսնեն․ լսեն, բայց չհասկանան։
Առակի իմաստն այս է․ սերմը Աստծո Խոսքն է։ Ճանապարհի եզրին ընկածները նրանք են, որ լսում են Աստծո Խոսքը, հետո գալիս է Սատանան և հանում է Խոսքը սրտից, որ չհավատան և չփրկվեն։ Ապառաժի վրայինները նրանք են, որ երբ լսում են Խոսքը՝ ուրախությամբ են ընդունում, սակայն արմատ չունեն, որոշ ժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ՝ հեռանում։ Փշերի մեջ ընկածներն էլ նրանք են, որ Խոսքը լսում են, բայց հոգսերի, հարստության և կյանքի զվարճության հետևից գնալով՝ խեղդվում են և պտուղի չեն հասնում։ Իսկ լավ հողի մեջինները նրանք են, որ անկեղծ և բարի սրտով լսում են Խոսքը, ընդունում են այն և հարատևելով պտուղ տալիս»։
Ավետարան ըստ Ղուկասի 8:4-15