Երևան քաղաքի հուշարձանները․ Կարաբալա

Երևանում հայտնի ծաղկավաճառ ծերունի Կարաբալայի արձանը տեղադրվել է 1995 թվականին, Աբովյան փողոցի այն հատվածում, որտեղ այժմ Հյուսիսային պողոտան է (քանդակագործ` Լևոն Թոքմաջյան)։ Այդ պողոտայի շինարարությամբ պայմանավորված՝ արձանը մի քանի անգամ տեղափոխվել է։ Այժմ այն գտնվում է Աբովյան փողոցի սկզբնամասում՝ սկզբնական վայրից մի քանի մետր ներքև:

 

 

Կարաբալան հին Երևանի հայտնի կերպարներից է: Այն անբաժանելի է քաղաքի դիմագծից։ Նրա մասին այսօր էլ երևանցիները շարունակում են պատմություններ պատմել։ Կարաբալան (նշանակում է «սև տղա») Կարապետ անունով մի երևանաբնակ ծաղկավաճառ էր, ով վարդեր էր վաճառում` դրանք պարզելով փողոցով քայլող գեղեցիկ աղջիկներին։ Պատմում են, որ Կարաբալան հատկապես կարմիր վարդեր էր նվիրում ամեն օր թատրոնից Աբովյան փողոցով ոտքով տուն վերադարձող Հայաստանի ժողովրդական դերասանուհի Արուս Ոսկանյանին։ Պատմում են նաև, որ մի օր էլ նա, հանուն մեծանուն արտիստուհու, կռվի է բռնվում մի խանդոտ տղամարդու հետ ու ինքնապաշտպանվելով՝ դանակահարում է նրան։ Այս միջադեպի պատճառով Կարաբալային բանտարկում են, և նա հայտնվում է բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ միևնույն բանտախցում։

 

Ի դեպ, բանտում գրած «Ծաղկավաճառը» բանաստեղծությունը Ե.Չարենցը նվիրել է Կարաբալային.

Հագնում էր նա մեկ մակինթոշ,

Մեկ էլ տեսար` չուլ ու փալաս,

Չգիտեիր` արտի՞ստ է նա,

Թե՞ ծաղիկ ծախող Կարա-Բալա։

 

 

Բանտից ազատվելով և տուն վերադառնալով` Կարաբալան իր պարտեզն ու ծաղկի տաղավարը քանդած է գտնում կինը, վաճառելով տունը, երեխաների հետ հեռացել էր։ Կարաբալան դառնում է թափառական` աղքատ ու անտուն: Պատմում են նաև, որ եղել են մարդիկ, ովքեր ականատես են եղել, թե ինչպես է Կարաբալան ուտելիք տանում բանտարկված Չարենցին, իսկ հետո, գաղտնաբար իր զամբյուղի ծաղիկների տակ թաքցնելով, դուրս հանում հանճարեղ բանաստեղծի ձեռագրերը։

 

Բանավոր պատմություններից տեղեկանում ենք նաև, որ Արուս Ոսկանյանի մահից հետո Կարաբալան ամեն օր այցելում ու մեկ հատ վարդ էր դնում դերասանուհու շիրիմին։ Կարաբալայի կյանքի պատմությունն առավել քան տխուր ավարտ ունի. Նա միայնակ և լքված`  վախճանվում է փողոցում՝ ցրտահարությունից։ Երևանցիները սիրում են այս խենթ սիրահարի ռոմանտիկ կերպարը, սիրահար զույգերը և անցորդները հաճախ ծաղիկներ են թողնում նրա հուշարձանին։