Շուկայում երկու կրպակավաճառների կրպակները կողք կողքի էին և իրարից միայն մի բարակ փայտե միջնորմով էին բաժանված: Մի կրպակում յուղ ու ձեթ էին վաճառում, մյուսում՝ անուշահոտություններ:
Մի անգամ երեկոյան՝ շուկայի փակվելուց քիչ առաջ, անուշահոտություններ վաճառողը միջնորմի ճեղքից տեսավ, որ հարևանը վերահաշվում է իր ոսկե դինարները և տեղավորում դրանք մի կարմիր թաշկինակի մեջ: Ինքն էլ սկսեց մտովի նրա հետ հաշվել: Պարզվեց, որ թաշկինակի մեջ հարյուր վաթսունհինգ ոսկեդրամ կա: Ագահությունը տիրեց նրա հոգուն. Ցանկացավ այդ փողի տերը դառնալ: Դուրս վազեց փողոց և սկսեց բղավել.
- Օգնեցե՜ք, ինձ թալանել են, գողացել են իմ փողերը:
- Տեղնուտեղը եկան պահնորդներն ու հարցրին.
- Ո՞ւմ ես կասկածում գողության մեջ:
- Չգիտեմ՝ ինչ ասեմ… Փողերս կարմիր թաշկինակի մեջ տեղավորելուց հետո այստեղ ոչ ոք չի մտել… Չէ՛, չէ՛, ինչ եմ ասում, հարևանս՝ ձեթ վաճառողն է մտել: Իսկ թաշկինակի մեջ հարյուր վաթսունհինգ դինար կար:
Պահնորդները մտան կողքի կրպակն ու այնտեղ գտան կարմիր թաշկինակի մեջ պահված հարյուր վաթսունհինգ ոսկին:
Ձեթավաճառը երդվում էր, որ դրանք իր փողերն են, բայց ոչ ոք չհավատաց: Նրան բռնեցին և զնդան գցեցին: Դատավորը սկսեց քննել այդ գործը, բայց պարզել, թե ով է արդար, ով՝ մեղավոր, չկարողացավ: Այս դատաքննության մասին իմացավ նաև քաղաքի կառավարիչը, բայց նա էլ գործից գլուխ չհանեց: Իսկապես էլ՝ ո՞ւմ հավատալ, ձեթի առևտրով զբաղվողի՞ն, թե՞ նրա հարևանին. Ո՞վ է ճիշտ խոսում, ո՞վ՝ ստում: Քաղաքում բոլորն այս դեպքի մասին էին խոսում, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչպես կարելի է ճիշտն ու սխալը գտնել:
Մի օր կառավարիչը քաղաքից դուրս զբոսնելու էր գնացել և տեսավ խաղացող երեխաների: Նա լսեց, որ փոքրիկներից մեկն ասաց.
- Եկե՛ք դատարան – դատարան խաղանք: Դու կլինես ձեթավաճառը, դու՝ նրա հարևանը, - դիմեց նա ընկերներին, - իսկ ես՝ դատավորը:
Կառավարչին խաղը հետաքրքրեց. նա թաքնվեց մի ծառի հետևում ու սկսեց նայել: Երեխաները գլորելով մի մեծ քար բերեցին: Դրա վրա նստեց փոքրիկ «դատավորը», իսկ «կրպակավաճառները» կանգնեցին նրա դիմաց:
- Դրանք իմ փողերն են, ես այդ ոսկիները ձեթի վաճառքից եմ ստացել, - ասում էր մեկը:
- Ո՛չ, իմն են, - պատասխանում էր մյուսը, - ես հաշվեցի հարյուր վաթսունհինգ դինարը, դրեցի կարմիր թաշկինակի մեջ, թաքցրի սեղանի դարակում, իսկ դու գողացար:
Փոքրիկ դատավորը լսեց երկուսին էլ և ասաց.
- Տաք ջրով լի մի թա՛ս բերեք:
- Ինչո՞ւ, - զարմացան երեխաները:
- Ես դինարները կգցեմ ջրի մեջ: Եթե ջրի երեսին յուղի կաթիլներ հայտնվեն, ուրեմն այդ փողը ձեթավաճառինն է: Նա ամբողջ օրը յուղի ու ձեթի հետ է գործ ունենում, նրա ձեռքերը յուղոտ են, դինարներն էլ յուղոտված կլինեն: Եթե ջրի երեսը մաքուր մնաց, ուրեմն նա ստում է:
Քաղաքի կառավարիչը դուրս եկավ ծառի հետևից, համբուրեց խելացի փոքրիկին, իմացավ, թե որտեղ է ապրում, ինչ է անունը, վերադարձավ տուն և հայտարարեց, որ երկար սպասված դատավարությունը կկայանա հաջորդ օրը: Լուրն արագ տարածվեց քաղաքով մեկ:
Հաջորդ օրը դատարանի մոտ մարդկանց հսկայական բազմություն էր հավաքվել: Երբ երկու կրպակավաճառները ևս մեկ անգամ ներկայացրին գործը, կառավարիչը հրամայեց, որ մի թաս տաք ջուր և կարմիր թաշկինակի մեջ պահված ոսկեդրամները բերեն: Նա դրամները լցրեց ջրի մեջ. ջրի երեսը ծածկվեց յուղի կաթիլներով:
- Ցո՛ւյց տվեք թասը մարդկանց, թող նրանք ասեն՝ ումն են այս փողերը, - հրամայեց կառավարիչը:
- Իհարկե ձեթավաճառինն են, - միաձայն բղավեցին մարդիկ:
Հարյուր վաթսունհինգ դինարը նույն պահին վերադարձրին իսկական տիրոջը, իսկ նրա ագահ հարևանին բանտ գցեցին: Բոլորն սկսեցին գովել իմաստուն կառավարչին, բայց նա գրկեց, վեր բարձրացրեց փոքրիկ տղային և ասաց.
- Իմաստունը ես չեմ, այլ այս տղան: Երեխաներից էլ կարելի է սովորել: