Աստծո Որդու Ծնունդով՝ այս աշխարհ Քրիստոս Հիսուսի գալով, Աստված հայտնվեց և Իրեն ներկայացրեց ամենալիարժեք ու ամբողջական կերպով: Մինչ այդ էլ Աստված մարդկությանը բազմաթիվ կերպերով պատմել է Իր մասին և հայտնել Իրեն: Եբրայեցիներին ուղղված նամակում (Եբրայեցիս 1.1-3) առաքյալը հստակեցնում է Աստվածհայտնության ձոնը․ «Աստված, որ շատ անգամներ, շատ կերպերով սկզբից խոսեց մեր հայրերեի հետ՝ մարգարեների միջոցով, այս վերջին օրերում մեզ հետ խոսեց՝ Իր Որդու միջոցով...»: Փոքրիկ Հիսուսը Ծնվեց այս աշխարհի ամենաանապահով տարածաշրջանում, իր պատմության ամենաանապահով շրջանն ապրող ազգի աննշան մի քաղաքում, և անբարենպաստ, հակահիգենիկ պայմաններում՝ գոմում, սակայն Աստծուն հնազանդ մարդկանց ընտանիքում: Կատարյալ Աստվածհայտնության մեջ Տերը մեզ ներկայացրեց Իր խոնարհման վեհությունը և անմնացորդ սիրելու չափանիշը:
Հրեշտակի՝ Հովսեփին տված ավետիսը (Մատթեոս 1.20-23) հստակ արձանագրում է, որ ծնվողը Հիսուսն է, և Նա մարդկության Փրկիչը պետք է լինի․ փրկի մեզ մեր մեղքերից: Այսկերպ է իրականանում դարեր առաջ մարգարեի միջոցով հնչեցված Աստծո խոստումը, որ Էմմանուելն աշխարհ կգա, և դա կամփոփի մեծ Շնորհը՝ Աստծո՝ մեզ հետ լինելը, Աստծո փրկագործությունը, սերն ու ողորմությունը:
Հայ ազգի պատմության այս բարդ շրջանում ևս Աստված մեզ հիշեցնում է, որ Նա նույնն է, Իր խոստումներն անփոփոխ են, Նա Էմմանուելն է, մեզ հետ է և պատրաստ է իրական, ամբողջական և ազատագրված կյանք շնորհել, ավելին՝ հավիտենական կյանք շնորհել. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»: Հովհաննես 3․16
Քրիստոսի ջերմ սիրով՝ վեր․ Ավետիք Խաչատրյան