Առաջին գիրը

  Ժամանակակից մշակույթում իր ուրույն ու կարևոր տեղն ունի գիրը: Մենք ապրում ենք գրի ժամանակաշրջանում: Պատկերացրեք եթե հանկարծ ամբողջ գիրն անհետանար, որքան անհարմարություններ միանգամից կառաջանային: Մենք չէինք իմանա, թե դեպի ուր է գնում ավտոբուսը, ինչ ապրանքներ են վաճառվում խանութում կամ էլ ինչ ֆիլմ է այսօր ցուցադրվելու և այլն: Մի խոսքով, մեզ համար շատ դժվար կլիներ ապրել այդ անգիր աշխարհում: 

 

  Բայց չէ՞ որ եղել է ժամանակ, երբ մարդիկ գրել - կարդալ չեն իմացել, և ոչ թե այն պատճառով, որ անուս են եղել, այլ պարզապես դրա կարիքը չի եղել: Մարդկանց գիտելիքներն իրենց շրջակա միջավայրի մասին այնքան քիչ են եղել, որ նրանք դա կարողացել են պահպանել իրենց մտքում և հաջորդ սերունդներին սովորեցրել են այն ամենը, ինչ գիտեին: Սակայն ժամանակն առաջ էր գնում, իսկ մարդկանց գիտելինքներն ավելանում էին: Դրանք այլևս չէին տեղավորվում մեկ մարդու մտքում։ Ահա այդ ժամանակ էլ ի հայտ է գալիս գիրը: 

 

 

  Հին ժամանակաշրջանի գիրը մենք անվանում ենք պատկերագրություն, այսինքն՝ քարի վրա փորագրված գրություն, որոնք մեզ ավելի հայտնի են որպես ժայռապատկերներ: Ժայռապատկերները մեր այսօրվա պատկերացրած գրի տեսքը չունեն: Հնադարյան մարդը փորձել է տարբեր պատկերների միջոցով փոխանցել իր ասելիքը: Սակայն դրանց լոկ նկարներ անվանել չենք կարող: Ժայռապատկերներն իրենց թեմատիկայով բազմաբնույթ են՝ պատմական, տնտեսական, շինարարական, ռազմական, կենսագրական և այլն: Դրանք առավել տարածված են եղել Հին Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում, Իրանում, Հին Հունաստանում, ինչպես նաև Հայաստանում: Հնագույնները թվագրվում են Քա 5–3-րդ հազարամյակով։

 

  Իսկ այսօր մարդիկ օգտվո՞ւմ են պատկերագրությունից: Պատկերացրեք՝ այո, օգտվում են: Ամենատարածված պատկերագրությունը ճանապարհային նշաններն են: Պատկերները մեզ օգնում են կողմնորոշվել։ Դրանք այսօր էլ օգտագործվում են և շատ ժամանակ կարող են փոխարինել երկար տեքստերին: 

  Իսկ ինչպիսի՞ պատկերագրերի օրինակներ կարող ես նշել դու: