Վերադարձ Հոր տուն

  Աստված ամեն բանի Արարիչն ու ողջ մարդկության Հայրն է։ Ինչպես մարգարեն է ասում՝ մենք բոլորս մեկ Հայր ունենք «Մի՞թե մենք բոլորս մեկ հայր չունենք մի՞թե մեկ Աստված չի ստեղծել մեզ» (Մաղաքիա 2.10)։ Նրանից և Նրանում է մեր գոյությունը։

  Սակայն ոչ բոլորս ենք ապրում Հոր տանը։ Շատերս ցանկանում ենք ապրել Հորից հեռու, վայելել աշխարհի հաճույքները։ Երբեմն մենք անկայուն և անհամբեր ենք դառնում, սիրում ենք թափառել և ամեն տեղ փորձել մեր բախտը։ Հաճախ գալիս ենք Հոր մոտ և հրամայական տոնով ասում «Տո՛ւր ինձ», կարծես թե Հայրը մեզ ինչ-որ բան է պարտք և պետք է այն վերադարձնի։ Եվ այստեղ սկսվում է մարդկային ողբերգությունը, երբ Աստծո պարգևները մենք սկսում ենք ընկալել որպես պարտք։ Մեզ թվում է, թե մենք մեր բաժինն ավելի լավ կարող ենք տնօրինել, քան Հայրը, և վերցնելով «մեր բաժինը»՝ գնում ենք որքան հնարավոր է Հորից հեռու։ Ապրելով Հորից հեռու՝ սկսում ենք վատնել Հոր ունեցվածքը։ Այո՛, ոչ թե մեր, այլ Հոր ունեցվածքը, որովհետև մենք ոչինչ էլ չունենք, իսկ ինչ էլ որ ունենք, Հոր տվածն է։ Սակայն շատ կարճ ժամանակ անց մնում ենք դատարկաձեռն, դառնում մուրացկան, որովհետև Հորից հեռու մենք ուրիշ ոչինչ չենք կարող լինել։

  Այդ ժամանակ է, որ սկսում ենք տեսնել մեր տառապանքները, և, անառակ որդու նման, մեր մտքում ծագում է վերադարձի միտքը։ Իսկ երբ սկսում ենք քննել մեր վիճակը, վերականգնվում է մեր գիտակցությունը։ Մենք չենք կարող վերադառնալ Հոր մոտ, մինչև չտեսնենք, թե ինչ վիճակում ենք գտնվում։ Տեսնելուց հետո է, որ որոշում ենք՝ «Վեր կենամ գնամ իմ Հոր տուն»։ 

 

  Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, Հայրը սպասում է քեզ։ Նա՝ Իր անսահման սիրով, վազում է քեզ ընդառաջ։ Ուրեմն, տե՛ս, թե որտե՞ղ ես, քննի՛ր՝ չե՞ս վատնել Հոր ունեցվածքը, և որոշում կայացրու վերադառնալ և Հոր առաջ խոստովանել «Մեղանչեցի երկնքի և Քո առաջ»։

Լիլիթ Անտոնյան