Քանի՞ անգամ ներեմ

 

Կյանքի տարբեր ոլորտներում՝ տանը, դպրոցում, աշխատավայրում կամ պարզապես առօրյա շփման ժամանակ մենք պարբերաբար առնչվում ենք  որևէ մեկին նեղացնելու կամ ինքներս նեղանալու երևույթի հետ։ Հետևաբար անընդհատ առաջ է գալիս ներողություն խնդրելու կամ ներելու հարցը։ Մենք չենք կարող վստահ լինել, որ երբեք ոչ մեկին չենք վիրավորի կամ մեզ չեն վիրավորի, բոլորն են թույլ տալիս սխալներ և ունեն գործած մեղքեր:

 

Ներելը քրիստոնեական արժեք է:

Բայց ի՞նչ է նշանակում «ներել»: Եվ ինչպե՞ս ներել մեկին, ով շատ խորը ցավ է պատճառել:

Ըստ գիտնականների՝ ներումը գիտակցված, կանխամտածված որոշում է՝ ազատվելու վրդովմունքի կամ վրեժխնդրության զգացումներից այն անձի կամ խմբի նկատմամբ, ով ձեզ վնաս է հասցրել՝ անկախ նրանից՝ նրանք իրականում արժանի են ձեր ներմանը, թե ոչ:

 

Ներել չի նշանակում մոռանալ, ոչ էլ նշանակում է արդարացնել վիրավորանքը:

1. Սա նշանակում է չկրել վիրավորանքը ողջ կայնքի ընթացքում,

2. Հանել բեռն ուսերից,

3. Այլևս ամեն րոպե չկենտրոնանալ դրա վրա։

 

Պետք է հիշել, որ ուրիշներն էլ հաճախ մեզ են ներել: Թերևս ներման մեծագույն օրինակն Աստծո ներումն է: Նա այնքան սիրեց այս աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց՝ մարդկությանը կործանումից փրկելու համար: Հիսուս Քրիստոսը չարչարվելուց և Խաչի վրա գամվելուց հետո նայեց մարդկանց և ասաց «Հա՛յր, ների՛ր դրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 2334): Սա Իրեն ցավ պատճառողներին ներելու լավագույն օրինակն է:  

 

Ներելն ինքնըստինքյան չի լինում։ Սրա համար պետք է համարձակություն, կամքի ուժ։ Սա գիտակցված քայլ է։

 

Ներելը հեշտ չէ, բայց ներելով մենք ոչ թե աչք ենք փակում դիմացինի վիրավորանքի վրա, այլ փորձում ենք մեր մեջ չպահել վիրավորանք կամ հիշաչարություն դիմացինի հանդեպ: Հիսուսի աշակերտը՝ Պետրոսը, Նրան հարցնում է «Տե՛ր, քանի անգամ ներեմ եղբորս, եթե նա մեղանչի իմ դեմ, մինչև յո՞թն անգամ» (Մատթեոս 18.21): Պետրոսը մտածում է, որ շատ առաքինի առաջարկ է անում, քանի որ ըստ հրեական ավանդության՝ մեղավորին ներում էին երեք անգամ: Նա մտածում է, որ ասելով յոթ անգամ ներել, մեծահոգություն է դրսևորում: Բայց Հիսուսը պատասխանում է «Չեմ ասում քեզ մինչև յոթն անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ» (Մատթեոս 1822): Հիսուսն ուզում է ասել, որ Ինքը շնորհքի Հայրն է:

 

Մարդկությունն իր մեղքերի պատճառով հեռացել է Աստծուց, և Աստված առաջարկում է ներում՝ որպես նվեր: Աստված դրա դիմաց ոչինչ չի պահանջում, որովհետև մարդը չէր կարող վճարել իր գործած սխալների համար: Հետևաբար մենք, ներված լինելով Աստծո կողմից, պետք է ներողամիտ գտնվենք նրանց հանդեպ, ովքեր վիրավորել են մեզ: Նրանք, ովքեր փորձում են ապրել Հիսուսի առաջարկած կյանքը, ովքեր հետևում են Նրան, պետք է լինեն ներող և սիրող։ Սա սիրո դրսևորում է, իսկ քրիստոնեությունն առաջին հերթին Աստծո սիրո արտահայտման ձևն է: Ներումը բուժում է հարաբերությունները և հրաժարվում դառնությունից: Ներումը չի փոխում անցյալը, բայց այն ընդլայնում է ապագան: 

 

Հայ ավետարանչական ընկերակցության

Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարեն Մանուկյան