Սերը կսփոփի հայրենիքի ցավը. Ագապի Անտոնյան

  «․․․Եվ հայ զինվորին պղինձե շեփորը պիտի պատռի հաղթանակի Ռազմերգին որոտումեն»: Սիամանթո

 

  Մեր մոլեգնած ու արշալույսի կարմիրով ներկված հոգիներն այսօր ապրում են խենթացած ու հուսալքված իրականության մեջ։ Մենք անընդմեջ վազում ենք՝ առանց կանգառների, վազում ենք՝ ինչ-որ բան փնտրելու, բայց չգիտենք, թե ինչ, վազում ենք՝ չգիտենք, թե ուր։ Ի՞նչ ենք փնտրում վրե՞ժ, խաղաղությու՞ն, անհոգ կյա՞նք։ Ի՞նչ է պահանջում հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ, ումի՞ց է պահանջում տարիներ շարունակ միայն կորցնում ենք: Բոլորս մեզ կարծում ենք արդարության ջատագովներ, սկսում ենք դատել, մեղադրել՝ առանց ինքներս մեզ քննելու։ Ժողովուրդն իր ուսերին է բարձել  ամենածանր և կեղտոտ բեռները՝ մեծամտությունն ու ատելությունը։ Այսօր զգում ենք հայրենիքի կորուստը՝ րոպե առ րոպե, ավերակ առ ավերակ, ու նաև մասնակից ենք դառնում այդ ոճրագործությանը կորցնում ենք ամենաթանկ արժեքները՝ սերը, միաբանությունը:

 

 

  Ի՞նչ կարող ենք անել առանց սիրո. հայրենի՞ք կառուցել, ընտանի՞ք ստեղծել, բարգավաճե՞լ։ Մարդն իր կյանքն ապրում է՝ կրելով իր մեջ հույս, հավատ, սեր, և սրանցից մեծագույնը սերն է։ Այսօր ապրելով մեր հայրենիքում՝ պարտավոր ենք այն սիրել մեր մարմնի ամեն մի բջիջով, սրտի ամեն մի թրթիռով, որովհետև սիրուց են ծնվում և՛ հույսը, և՛ հավատը։ Մինչդեռ ագահությունը, ցոփությունը  բոլոր կողմերից պատեր են շարում, փակում են բոլոր դռները, որ տանում են դեպ հայրենիքի փրկություն։ Մենք կարծում էինք, թե հաղթում ենք պատերազմում, սակայն իրականում պարտվեցինք։ Իսկ երբևէ մտածե՞լ եք՝ եթե հաղթեինք այս պատերազմում, ի՞նչ կլիներ։ Ես ականատես չեմ եղել նախկինում մեր հաղթանակին, սակայն տեսել ու ապրել եմ պատերազմի ծանր հետևանքները։

 

  Հաղթանակից հետո ժողովուրդը զրկվեց բարոյականությունից՝ վաճառելով ինքն իրեն, մի կողմ նետեց կրթությունը, անտեսելով ճիշտ դաստիարակության հիմքերն ու արժեքները ընկավ և այլևս ոտքի չկանգնեց, ընտրեց հարմարավետությունը, քաղցր սուտը և չփորձեց անգամ ընդդիմանալ այդ ամենին։ Քաո՜ս… ավերա՜կ… անվերջանալի մութ և խեղված ճակատագրեր՝ հայրենիքի բոլոր պատերից ներս։

 

  Վիշտը ծանր է, պարտությունը՝ ցավոտ. ամենալուսավորները, ամենանվիրվածներն ու հավատարիմերը մինչև վերջ կռվեցին մահվան ու չարի դեմ, ընկան պատվով։ Նրանցից յուրաքանչյուրի աչքերի մեջ հավատն էր, յուրաքանչյուրի մտքում՝ հույսը, իսկ սրտերում՝ կրակի պես վառվող սերը՝ նախ և առաջ առ հայրենիք։ Նրանք կռվեցին երգով, մշակույթով, ճշմարտությամբ և անաչառությամբ։

 

  Այսօրվա հույսը մենք ենք՝ ես և դու։ 

 

  Այսօր մենք պետք է մեր հերոսների փափագած սուրբ հույսը պահենք մեր սրտերում և դրանով էլ առաջ շարժվենք։ Ե՛ս պետք է լինեմ հայրենիքի այն հույսը, որ ոտքի է հանելու երկիրը, բուժելու է ամեն մի ցավ, սիրելու է մինչև վերջին շունչը: 

 

  Աստված սիրում է հայ ժողովրդին, պետք է միայն լսել Տիրոջ ձայնը։ Եվ այսպես է ասում Տերը. «Դարձի գալով ու հանգստանալով՝ դուք կփրկվեք, հանդարտության ու վստահելու մեջ է ձեր ուժը։ Բայց չեք լսում» Եսայի 3015:

 

  Մեզ միայն մնում է հնազանդվել Տիրոջը, ներում խնդրել և իրար ներել։ Ամենից առաջ մենք պետք է հաղթենք մեր սրտի դավաճանին, գողին, ստորին․․․ և միայն հետո այդ ցասումով ու մեր կարմրած հոգիներով կհաղթենք չարին՝ Քրիստոսով։

Ագապի Անտոնյան, ք. Արմավիր