Ծննդավայրը՝ Բեթլեհեմ

 Մարդկությունը տարբեր ծնունդներ է նշում, բայց կա մի յուրահատուկ ծննդյան տոն,որ մարդկության զգալի մասն է տոնում, որովհետև Բարձրյալ Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի ծնունդն է, ինչի մասին Եսայի մարգարեն մարգարեացել էր Նրա ծնունդից մոտ 7 դար առաջ՝ «Դրա համար Տերն ինքը ձեզ նշան կտա։ Ահա կույսը կհղիանա ու մի որդի կծնի և նրա անունն Էմմանուել կդնի» (Եսայի 7.14):

 Բեթլեհեմ թարգմանաբար նշանակում է Հացի տուն, այլ կերպ` Հացատուն։ Անունն էլ կարծես մարգարեության մաս լինի, քանի որ երկնքից այստեղ իջավ և ծնվեց մեր հոգիներին կենդանություն տվող ՀԱՑԸ, ինչպես որ Ինքը՝ Տերն է ասում. «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես տալու եմ աշխարհի կյանքի համար» (Հովհաննես 6.51):

 

 Բեթլեհեմը Հին Կտակարանում

 Բեթլեհեմում է ծնվել Դավիթը, ով հետագայում  Սամվել մարգարեի կողմից նույն քաղաքում օծվել է որպես Իսրայելի թագավոր (Ա Թագավորաց 17)։ Բեթլեհեմն անվանում են նաև Դավթի քաղաք։ Հռութի գրքի համաձայն՝ այստեղ են ապրել մեզ քաջ ծանոթ  Հռութն ու Բոոսը։ Գիտենք նաև, որ Բեթլեհեմում է թաղվել Հովսեփի մայրը՝ Ռաքելը (Ծննդոց 3519)։ Միքիա մարգարեն կանխագուշակել է, որ Բեթլեհեմում է ծնվելու Քրիստոսը (Միքիա 5.2)։

 

 

 Բեթլեհեմը Նոր Կտակարանում

 Նոր Կտակարանի ժամանակներում Բեթլեհեմ քաղաքը պատկանում էր Հրեաստանի շրջանին, այդ իսկ պատճառով ավետարանիչները նշում են, որ Քրիստոսը ծնվել է Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում։ Հովսեփը և Մարիամը ծնունդով Բեթլեհեմից էին, բայց ապրում էին Նազարեթում։ Այդ օրերին Օգոստոս կայսրը մի հրամանագիր է հրապարակում՝ իր կայսրության սահմաններում գտնվող բնակիչների մարդահամար անցկացնելու վերաբերյալ։ Ամեն մարդ պարտավորվում է իր հայրենի քաղաքը գնալ՝ արձանագրել տալու իր անունը։ Հովսեփը ևս Մարիամի հետ Գալիլեայի Նազարեթ քաղաքից գալիս է Բեթլեհեմ, որտեղ և ծնվում է Հիսուսը։ Հովիվները, հետագայում նաև մոգերը, գալիս են Բեթլեհեմ՝ երկրպագելու Քրիստոսին (Ղուկաս 2)։

 

 Բեթլեհեմը ներկայում

 Այսօր Բեթլեհեմը գտնվում է Պաղեստինի ենթակայության տակ և համարվում է քրիստոնյաների համար հատուկ կարևորություն ունեցող վայր՝ Երուսաղեմից հետո։ Մինչ օրս բազմաթիվ զբոսաշրջիկներ և ուխտավորներ են այցելում քաղաք, որպեսզի սեփական աչքերով  տեսնեն այն վայրը, որտեղ, ըստ ավանդության, ծնվել է Քրիստոսը, նաև այն է՝ սուրբ Ծննդյան քարանձավը, որտեղ հենց դրված է մսուրը։ Այստեղ է գտնվում Սուրբ Ծննդյան եկեղեցին, որը կառուցվել է 326 թվականին։