Մի անգամ Հիսուսն իր աշակերտների հետ բարձրացավ Ձիթենյաց լեռը՝ աղոթելու: Աղոթքից հետո մի ամբոխ մոտեցավ Նրան: Հուդան, ով Հիսուսի տասներկու աշակերտներից մեկն էր, բազմության միջից առաջ եկավ և համբուրեց Նրան՝ այդկերպ զինվորներին նշան տալով, թե ում պետք է ձերբակալել:
Նրանք Հիսուսին տարան քահանայապետի, ապա հռոմեացիների կառավարչի` Պիղատոսի մոտ:
- Այս մարդն ի՞նչ վատ բան է արել, - ամբոխին հարցրեց Պիղատոսը:
- Նա մոլորեցնում է ազգը և արգելում է կայսրին հարկ տալ`ասելով, թե Ինքն է Քրիստոս թագավորը, - պատասխանեցին ավագ քահանաները:
- Դո՞ւ ես հրեաների թագավորը, - հարցրեց Պիղատոսը:
- Դու ես դա ասում, - պատասխանեց Հիսուսը:
- Ինչպե՞ս վարվեմ Հիսուսի հետ, - հարցրեց Պիղատոսն ամբոխին:
- Խա՛չը հանիր Նրան, - աղաղակեցին մարդիկ:
Եվ թեև Պիղատոսը ոչ մի հանցանք չէր գտնում Հիսուսի վրա, ցանկանալով գոհացնել ժողովրդին՝ Նրան հանձնեց զինվորներին, որ խաչը հանեն: Նրան ծիրանի հագցրին, իսկ գլխին փշերից հյուսված պսակ դրին: Ապա տարան Գողգոթա կոչվող վայրը, գամեցին խաչին, իսկ գլխավերևում գրեցին` «Հրեաների թագավորը»: Հանկարծ խավար իջավ ողջ երկրի վրա: Հիսուսը բարձր ձայնով կանչեց. «Հա՛յր, ձեռքերիդ մեջ եմ ավանդում հոգիս»: Եվ այս ասելով՝ հոգին ավանդեց:
Հովսեփ Արիմաթացին, ով պատվարժան խորհրդական էր, Պիղատոսից Հիսուսի մարմինը խնդրեց, և այն ստանալով՝ փաթաթեց ազնիվ կտավով ու դրեց մի գերեզմանի մեջ, որը փորված էր ժայռի մեջ, և գերեզմանի դռանը մի մեծ ու ծանր քար գլորեց:
Երեք օր անց` շաբաթվա առաջին օրը, վաղ առավոտյան, երբ մի քանի կանայք գնացին Հիսուսի գերեզման՝ Նրա մարմինը օծելու, ապշահար տեսան, որ գերեզմանի մուտքը փակող հսկայական քարը մի կողմ է գլորված, իսկ գերեզմանը դատարկ է: Հանկարծ նրանց առջև կանգնեցին փայլուն հագուստով երկու մարդ՝ ասելով.
- Ինչո՞ւ եք Կենդանին մեռելների մեջ փնտրում: Նա այստեղ չէ, այլ Հարություն է առել:
Գերեզմանից վերադառնալով՝ կանայք այս ամենը պատմեցին տասնմեկին և մյուսներին:
«Որովհետև Աստված այնպես սիրեց ախարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»:
Հովհաննես 3.16