Մեծ ջրհեղեղը

Սա է Նոյի պատմությունը: Նոյն իր ազգի մեջ կատարյալ և արդար մարդ էր: Նա Աստծո կողմից սիրելի մեկն էր: Նոյն ուներ երեք որդի՝ Սեմը, Քամը և Հաբեթը:

   Նոյի ժամանակներում Երկիրն Աստծո առջև ապականվել էր. աշխարհը լցվել էր վայրագությամբ: Աստված տեսավ, որ Երկրի վրա ամեն էակ ապականել է իր ճանապարհը և ասաց Նոյին. «Եկել է բոլոր մարմինների վերջն Իմ առաջ, որովհետև Երկիրը նրանց պատճառով վայրագությամբ է լցվել, և ահա Ես նրանց կործանելու եմ Երկրի հետ: Արդ դու քեզ համար խեժաբեր փայտից մի տապա՛ն շինիր և այն ներսից ու դրսից կուպրով պատի՛ր: Տապանը կշինես երեք հարյուր կանգուն երկարությամբ, հիսուն կանգուն լայնությամբ և երեսուն կանգուն բարձրությամբ: Տապանի վերևից մի կանգուն բարձրությամբ լուսամուտ կշինես, իսկ դուռը կողքից կդնես։ Տապանը պետք է ունենա ներքնատուն, միջնատուն ու վերնատուն: Ես Երկրի վրա ջրհեղեղ եմ բերելու՝ ոչնչացնելու համար բոլոր այն մարմինները, որոնց վրա կենդանության շունչ կա. երկնքի տակ և երկրի վրա ինչ որ կա մեռնելու է: Բայց Իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և դու տապան կմտնես կնոջդ, որդիներիդ և որդիներիդ կանանց հետ: Տապան կբերես նաև բոլոր կենդանիներից՝ երկուական զույգ։ Քեզ համար վերցրո՛ւ բոլոր կերակուրներից, որ կուտվեն, և քեզ մոտ հավաքի՛ր. դա քեզ և նրանց համար ուտելիք կլինի»: Նոյն արեց այն ամենը, ինչ Աստված պատվիրեց: Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ Երկրի վրա ջրհեղեղ եղավ: Երբ Նոյը, իր ընտանիքն ու բոլոր կենդանիները տապան մտան, Աստված նրանց հետևից փակեց դուռը:

 

 

Յոթ օր հետո Երկրի վրա ջրհեղեղ եղավ: Քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև տեղաց: Հորդացավ ջուրն ու բարձրացրեց տապանը, և այն կտրվեց գետնից: Ջուրն ավելի ու ավելի վարարեց, ողողեց երկիրը, և տապանը  լողաց ջրերի վրա: Ջուրն այնքան սաստկացավ Երկրի վրա, որ ծածկեց երկնքի տակ գտնվող բոլոր բարձրաբերձ լեռները: Մեռան երկրի վրա շարժվող բոլոր կենդանի էակները՝ թռչունները, անասուններն ու գազանները, Երկրի վրա ապրող բոլոր մարդիկ: Ցամաքի վրա եղած ամեն բան, որի ռունգերի մեջ կենդանության շունչ կար, ոչնչացավ: Կենդանի մնացին միայն Նոյը և իր հետ տապանում եղողները: Ջուրը հարյուր հիսուն օր ողողեց Երկիրը: Աստված հիշեց Նոյին և նրա հետ տապանում գտնվող բոլոր գազաններին, անասուններին ու թռչուններին: Աստված հողմ բարձրացրեց Երկրի վրա, և ջրերը նվազեցին: Փակվեցին ստորգետնյա աղբյուրներն ու երկնքի պատուհանները, դադարեց նաև երկնքից տեղացող անձրևը: Ջուրը գնալով իջավ, քաշվեց Երկրի վրայից, և հարյուր հիսուն օր անց նվազեց: Յոթերորդ ամսի տասնյոթին տապանը նստեց Արարատ լեռան վրա: Ջուրը մինչև տասներորդ ամիսը քաշվեց, նվազեց: Տասներորդ ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները:

Քառասուն օր հետո Նոյը բացեց իր կառուցած տապանի պատուհանը և մի ագռավ արձակեց, որը գնաց, այս ու այն կողմ թռավ, մինչև որ ջուրը ցամաքեց Երկրի վրայից: Հետո նա արձակեց մի աղավնի՝ տեսնելու, թե արդյո՞ք ջրերը նվազել են Երկրի երեսից: Աղավնին, իր ոտքը դնելու տեղ չգտնելով, վերադարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև ջուրը դեռ ծածկում էր ողջ Երկիրը: Նոյը սպասեց ևս յոթ օր ու տապանից դարձյալ արձակեց աղավնուն:

 

Աղավնին նրա մոտ վերադարձավ երեկոյան՝ կտուցին ձիթենու մի շյուղ: Նոյը դրանից հասկացավ, որ ջրերը քաշվել են Երկրի վրայից: Նա սպասեց ևս յոթ օր ու նորից արձակեց աղավնուն, որն այլևս չվերադարձավ: Նոյը դուրս եկավ տապանից և Աստծո համար զոհասեղան շինեց: Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց. «Ահա Ես իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, ձեզնից հետո եկող սերունդների հետ, ձեզ հետ եղող բոլոր կենդանի էակների հետ, որ այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, ողջ Երկիրը ոչնչացնող ջրհեղեղ այլևս չի լինի»: Տեր Աստված ասաց. «Իմ ու ձեր միջև, ձեզ հետ եղող ամեն կենդանի էակի միջև հավիտենական դարերի համար իմ հաստատած ուխտի նշանն այս է. Իմ ծիածանը կկապեմ ամպերի մեջ: Եվ դա թող լինի իմ ու Երկրի միջև ուխտի նշանը»:

 

Մարդկանց անօրենությունն ու անարդարությունը պատճառ դարձան կորստյան:

Նոյն իր արդարության համար արժանացավ Աստծո խնամքին: