Կարո՞ղ ես հիշել երբևէ քո տեսած ամենափոքր քանդակը: Ի՞նչ չափի էր այն: Փոքրիկ լուցկու տուփի՞: Կարո՞ղ ես պատկերացնել ավելի փոքր քանդակ քան լուցկու տուփը: Օրինակ, քանդակ որը արված է բրնձի հատիկի վրա, կամ ասեղի անցքում, կամ ավելի անհավանական բան ասեմ, մազի վրա: Իսկ եթե ասեմ ավելին, որ այդ քանդակները նաև կարող են շարժվել: Չե՞ս հավատում: Քեզ այժմ, կպատմեմ մի մարդու մասին, ով այս բոլոր անհավանական քանդակները իրականություն է դարձրել:
Էդուարդ Տեր – Ղազարյանը ծնվել է 1923թ. հունիսի 20-ին Երևանում: Նա մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ է, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ: Լինելով ջութակի հանրահայտ վարպետ–նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ՝ նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով: Վարպետի կյանքի յուրաքանչյուր հատված կարող է դառնալ նկարչի, երաժշտի, բժիշկ – ակնաբույժի, սրտաբանի կամ գիտնականի ինքնուրույն կենսագրություն:
Ամենամեծ նվաճումը
Էդուարդ Տեր-Ղազարյանի խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության՝ շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր, որոնք դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը։ Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են՝ կատարելով ոչ սինխրոն շարժումներ՝ չկրկնելով դրանցից և ոչ մեկը։ Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի։
Գլուխգործոցները
1943 թվականից թզի կորիզի, մարդու մազի, բրնձի հատիկի, ալմաստի, պողպատի, ոսկու փոշեհատիկների և այլ նյութերի՝ միկրոնով չափվող մեծության մասնիկների վրա հզոր խոշորացույցի օգնությամբ ստեղծել է 600-ից ավելի միկրոքանդակներ՝ «Չարլի Չապլին» (1973, պողպատ), «Նիկոլո Պագանինի» (1974, ոսկու փոշեհատիկ, երկուսն էլ՝ ասեղի անցքի մեջ), այդ բնագավառում եզակի՝ շարժվող միկրոֆիգուրներով «Գուլիվերը և լիլիպուտները» (1976, մարդու մազ, պողպատ), ինչպես նաև 1500 ծաղրանկար։
Հրաշք կարելի է համարել ասեղի ծայրին քանդակված ուղտերի քարավանը, մետաղի փշուրի վրա քանդակած խաչքարը և Հիսուսի դիմապատկերը, ասեղի անցքի մեջ գավազանով Չարլի Չապլինը, Միլոսյան Վեներան, ամենափոքր սրբապատկերը, մազի ծայրին քանդակված Ազատության արձանը, որոնք հնարավոր է դիտել, մեծացնելով 5000 անգամ։ Նրա տասը մանրաքանդակ գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։
Աշխարհի ութերորդ հրաշալիքը
Լոս Անջելեսում կայացած՝ վարպետի «Հրաշքների աշխարհ» ցուցահանդեսը ամերիկացի այցելուներն անվանել են «Աշխարհի ութերորդ հրաշալիք»։ Վարպետը ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որն աշխարհում առաջինն է, որը ոչ թե սպանում է, այլ մեծ հաճույք պատճառում երաժշտասերներին։ Ավտոմատի վրա տեղադրված են աշխարհի տարբեր ազգերի շուրջ 40 երաժշտական գործիքներ, որոնցից շատերի վրա նա կատարել է հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Հետաքրքիր դեպք Տեր – Ղազարյանի կյանքից
Լուվրի թանգարանի պատվերով Էդուարդ Տեր Ղազարյանի բրնձի հատիկի վրա քադակում և ավարտում է Այվազովսկու «Իններոդ ալիքը», երբ անսպասելիորեն քանդակը կուլ է տալիս պատշգամբում հայտնված աղավնին: Կուլ է տալիս մեկ միլիոն դոլարն ու երեք ամսվա տքնաջան աշխատանքի արդյունքը: