Այսօր մեզնից յուրաքանչյուրը, լսելով Մուսա լեռ անունը, սիրո, հարգանքի և վեհ արժանապատվության զգացում է ապրում, հիշելով այն մի քանի գյուղերի բնակիչներին, ովքեր ապավինելով Աստծուն՝ զենքը ձեռքին բարձրացան լեռը: Քառասուն օր անընդմեջ նրանք հարվածներ հացրին հարձակվող թուրքական կանոնավոր բանակին և պատվով նահատակվեցին կամ փրկվեցին թուրք ջարդարարներից: Հուսով ենք, կարդացել եք «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, որի մեջ այս իրադարձությունները հրաշալի են ներկայացված: Այն թարգմանված է շուրջ 30 լեզուներով:
1915 թ. հայկական յոթ գյուղեր գտնվում էին Անտիոքի շրջանում: Նրանց ընդհանուր բնակչությունն էր 6400 մարդ: Յողուն-Օլուքի հովիվն էր վերապատվելի Տիգրան Անդրեասյանը: Նա մինչ այդ Զեյթունի Հայ Ավետարանական եկեղեցու հովիվն էր եղել և տեսել էր թուրքերի վայրագությունը Զեյթունի ժողովրդի դեմ, Մեծ եղեռնի սկիզբը:
1915 թ. հուլիսի 29-ին Յողուն-Օլուքի հինգ գյուղերի 21 ներկայացուցիչներ, կանխատեսելով, որ աքսորի հրամանը օրերից մի օր կարող է նաև իրենց հասնել, ժողով են գումարում Աբրահամ քահանա Տեր-Գալուստյանի բնակարանում՝ քննարկելու, թե ինչ պիտի անեն, երբ աքսորի հրամանը իրենց ևս տրվի: Որոշում չեն կարողանում կայացնել: Հայտնի էր, որ չեն կարող ապստամբել: Միայն երկու ճանապարհ կար նրանց առջև՝ նահանջել Մուսա լեռ կամ տարագրվել: Երկու տարբերակներն էլ ունեին իրենց վտանգները:
Վերապատվելի Տ. Անդրեասյանն այն համոզմունքն է հայտնում, որ ինքը նախընտրում է լեռան վրա կռվելով մեռնել, քան աքսորի ճանապարհին հանձնվել թուրք խուժանի վայրագություններին:
1915թ. հուլիսի 30-ին գյուղերին աքսորի հրաման է տրվում:
Եվ ահա զանազան գյուղերից մարդիկ սկսում են լեռ բարձրանալ՝ իրենց հետ տանելով այն ամենը, ինչ կարողանում են: Ժողովուրդը մրջյունների պես քաշվում է դեպի լեռ: Նույնիսկ կույրերը, կաղերն ու ծերերն են մագլցում լեռը: Մեկ շաբաթվա ընթացքում 4200 հոգի հավաքվում է Մուսա լեռան վրա:
Այս իրավիճակում մեծածավալ աշխատանք կար անելու: Պետք է կառուցվեին բազմաթիվ պատսպարաններ, ստեղծվեր զինվորական կազմակերպություն՝ թուրքական հարձակումների դեմ կռվելու համար:
Կարևոր էր ներքին կարգապահություն հաստատելը:
Լեռ բարձրանալուց մի քանի օր հետո կազմվում է 16 հոգուց բաղկացած Գերագույն խորհուրդ: Այս մարմինը լեռան վրա բարձրագույն հեղինակություն ուներ: Սրա նախագահ ընտրվեց վերապատվելի Տիգրան Անդրեասյանը: Մնացած բոլոր մարմիններն ու հանձնախմբերը ենթակա էին Գերագույն խորհրդին:
Մուսա լեռան վրա հայությունը հինգ անգամ հարձակման ենթարկվեց թուրք զինված բանակների կողմից: Այս ճակատամարտերից մեկը տևեց 12 ժամ, բայց ավարտվեց թուրքերի պարտությամբ: Հայերի այս հաղթանակի գաղտնիքը Պետրոս Գալուստյանի սխրալի քաջագործությունն էր: Նա դիրքավորվել էր թուրքական թնդանոթների դիմաց, հակառակ այն բանին, որ ռումբերը ուղղված էին իր գտնված դիրքին: Նրա նպատակն էր սպանել թնդանոթաձիգներին: Եվ, իրավամբ, հաջորդաբար սպանում է չորս թնդանոթաձիգների: Թուրք հազարապետը, տեսնելով չորս թնդանոթաձիգների հաջորդաբար սպանվելը, նահանջելու հրաման է տալիս և բացականչում.
- Սրանց հաղթել հնարավոր չէ:
Գերագույն խորհրդի և ժողովրդի մեծ հույսը ծովն էր, Միջերկրական ծովը: Ծովի և լեռան միջև թուրք բնակչություն չկար:
Ծովով անցնող որևէ նավի հետ կապ հաստատելու նպատակով տարբեր միջոցներ ձեռնարկվեցին: Տեսանելի բարձունքների վրա երկու խոշոր դրոշակներ դրվեցին: Դրոշակներից մեկի վրա օգնություն հայցող կարճ գրություն կար` գրված անգլերենով, իսկ մյուսի վրա` խոշոր կարմիր խաչ: Պահակների երկու խումբ միշտ ծովն էր դիտում, որոնցից մեկը հսկում էր լեռան վրայից, իսկ մյուսը՝ ծովեզերքը: Երկրորդ խմբի նպատակն էր լողալով կապ հաստատել այդ կողմերով անցնող որևէ նավի հետ:
Վերապատվելի Անդրեասյանը պատրաստեց նաև անգլերեն մի գրություն, որի օրինակները ուղարկվեցին տարբեր կենտրոններ, իսկ մեկը մնաց պահակների մոտ, որպեսզի նրանք փոխանցեին այն նավապետին, որի նավը կմոտենար ափին:
Ահա այդ խնդրագրի վերջին պարբերությունը.
«Պարո՛ն, դիմում ենք Ձեզ հանուն Աստծու և մարդկային եղբայրության, դիմում ենք հանուն Քրիստոսի, հանուն քաղաքակրթության, ընդդեմ քաղաքակրթության այս ոսոխին և խնդրում, որ ազատեք մեր կյանքն ու պատիվը: Համաձայնե՛ք, պարո՛ն, փոխադրել մեզ Կիպրոս կամ ուրիշ ազատ երկիր: Եթե դա հնարավոր չէ, խնդրում ենք փոխադրել գոնե մեր կանանց, ծերերին ու մանուկներին: Զինե՛ք մեզ, ու պատրաստ ենք կողք կողքի կռվելու ձեզ հետ թուրքական ուժերի դեմ: Խնդրում ենք, պարո՛ն, մի՛ թողեք, որ սովամահ լինենք: Մի՛ թողեք, որ ոչնչանանք, ազատե՛ք մեր կյանքն ու պատիվը, քանի դեռ շատ ուշ չէ: Դիմադրության վայրից՝ բոլոր քրիստոնյաներին ՏԻԳՐԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ»:
Նմանատիպ այլ նամակներ ևս ուղարկվեցին Հալեպի ամերիկյան հյուպատոսին, Պողոս Նուբար փաշային և Հալեպի հայոց առաջնորդարանին: Սակայն ստույգ չգիտենք՝ արդոք դրանք տեղ հասել են, թե ոչ:
Հույսի մի նշույլ. 1915 թվականի սեպտեմբերի 5:
Կիրակի օրը՝ կեսօրին, ծովում երևում է մի շոգենավ: Նավը կանգ է առնում: Տեսնել էր պետք ժողովրդի ուրախությունը: Նավը տեսել էր կարմիր խաչի նշանը կրող դրոշակը: Ծովեզերքը հսկող պահակները լողալով բարձրանում են նավ և խնդրագիրը հանձնում նավապետին: Պետրոս Դմլաքյանը, որը ֆրանսերեն գիտեր, տալիս է նաև լրացուցիչ տեղեկություններ: Ռազնանավի անունը «Գիշեն» էր, իսկ նավապետինը՝ Պրիսոն: Նավապետը խոստանում է մեկ շաբաթվա ընթացքում պատասխան բերել:
Սեպտեմբերի 7: «Ժաննա դ’Արկ» ռազմանավի փոխծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեն հանդիպում է Գերագույն խորհրդի անդամների հետ և վերահասու լինում դրությանը:
Սեպտեմբերի 10: Հինգ ռազմանավեր ողջ ժողովրդին Պոր-Սայիդ (Եգիպտոս) են փոխադրում: