Զատկի առիթով

  Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառ ուներ: Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածեցնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր մի, մի խոսքով՝ միանգամայն մտերմացել էր հետը: Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ – շուտ հարցնում էր, թե քանի անգամ էլ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա ուրախանա, թե Զատիկը պիտի գա:

 

  Զատիկն եկավ, և հենց Զատիկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել, ու Քրիստոսն էլ էսպես…

 

 

  Զատիկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին, և նա մնաց մի ծանր տպավորության տակ: Ես ստիպված էի Զատկի լավությունը ցույց տալու համար ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթելու մեղքը գցել Քրիստոսի վրայից, ու համոզել, որ Նա դրա հետ ոչ մի կապ չունի:

 

  Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին, երբ մարդ կանգնում է ու նայում Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա, զարմանում է: Ի՞նչ կա էդ օրը, և ինչո՞ւ են մարդիկ ուրախանում, և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:

 

  Էդ օրը գրեթե ամեն տուն, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու խմել և լավ հագնվել: Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր: Եվ ոչ մի օր աղքատի ու հարուստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը:

 

  Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ – պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:

 

  Ի՞նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պամեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն Ինքը, ո՞ւր են Նրա անսահման սերն ու բարությունը, Նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, Նրա հեզությունն ու անընչասիրությունը…

 

 

  Եվ դարձյալ նույն պատասխանը՝ որ Նա ոչ մի կա չունի էս ամենի հետ: Նա դեռ հարություն ի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն է առնում ամեն Զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցկ, դարձյալ բնությունն է: Զատիկն է, որ ինչպես մեր Նաղաշ Հովաթանն է ասում.

Վերանայ ձըմեռն, և գայ ամառըն,

Կանաչի խոտըն, և ծաղկի ծառըն

Տերևախառըն…

 

Կամ ինչպես հներն են երգում.

Նարտն կուգայր ծաղիկներով,

Ցերկնից հաւերըն կարդալով…

Յորժամ հայոց Զատիկն գայր:

 

  Իսկ Քրիստոսը ո՜վ գիտի, թե քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ, շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի, թե որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն, էնտեղ օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Հովհ. Թումանյան, 1913