Հայոց մշակույթի մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործությունը։ Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ, զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից: Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, Ք.ա. 5-րդ դարով թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։ Հայերենում գորգ և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշներ, միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ: Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թթ), իսկ կարպետը՝ 5-րդ դարի Ավետարանում՝ գրաբարյան «կապերտ» ձևով:
Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ և գորգեր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը:
Գորգագործական արվեստն իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքներից, պատերազմներից և հարևան տերությունների վարած նվաճողական քաղաքականությունից։ Պատմական Հայաստանի աշխարհաքաղաքական վայրիվերումների պատճառով եկեղեցական հավաքածուները կամ պարբերաբար թալանվել են, կամ էլ հարկ է եղել դրանց մի մասը նվիրաբերել՝ եկեղեցիները թալանից ու ավերումներից փրկելու համար: Սակայն այս ամենի հետևանքով հայկական գորգարվեստը տարածում է գտել նաև Եվրոպայի մի շարք անկյուններում։
Գորգերի և կարպետների մասին բազմաթիվ հիշաատակություններ են պահպանվել նաև հայկական բանավոր ավանդազրույցներում, հեքիաթներում, երգերում և «Սասունցի Դավիթ» էպոսում։ Այսպես, օրինակ, «Անահիտ» հեքիաթի հերոսուհին ասում է, որ կհամաձայնի ամուսնանալ արքայազնի հետ այն պայմանով, որ նա իրեն որևէ արհեստ սովորեցնի՝ նախապատվությունը տալով գորգագործությանը:
Հայկական գորգը միջնադարում
Միջնադարը համարվում է հայկական գորգագործության ոսկեդարը: Հենց այս ժամանակաշրջանում են ի հայտ եկել հայկական գորգի որոշակի ոճային առանձնահատկություններ։ Միջնադարում հայկական գորգերն այնքան հայտնի էին, որ դրանք և առհասարակ հայկական ջուլհակագործությունը ստացել էին «հայկական թելեր» բնորոշումը։ Պահպանվել են վաղ միջնադարյան հայկական գորգերի փոքր պատառիկներ, որոնք գտնվել են հայկական մատյանների կազմերում՝ վերականգնման ժամանակ։ Միջնադարյան մատյաններում տեղ գտած պատկերազարդումներն ու մանրանկարները հնարավորություն են ընձեռում նաև պատկերացում կազմելու, թե ինչպիսի տեսք ունեին միջնադարյան հայկական գորգերը։ Դրանց ձևերի և ոճերի մեջ հիմնականում կարելի է առանձնացնել հետևյալները՝
1. Վիշապագորգ – սովորաբար ունենում են վիշապների, Կենաց ծառի, փյունիկի պատկերներ, նաև եռանկյունաձև, ատամնավոր շեղանկյունով և հավերժության նշանով զարդանախշեր:
2. Արծվագորգ – ուղեկցվում են արծիվների սիմվոլիկ պատկերներով։
3. Օձագորգ – ունենում են օձի պատկերներ՝ մեջտեղում արևի սկավառակի նշաններով:
Հայկական գորգը կերպարվեստում
17-րդ դարի հայկական գորգերը մեծապես պատկերվել են նաև կերպարվեստում, միջնադարյան հայկական մանրանկարչության մեջ։ Սկսած Վերածննդի դարաշրջանից՝ դեռևս 13-14-րդ դդ., հայկական գորգերի պատկերումներ կարելի է հանդիպել նաև եվրոպական գեղանկարչության մեջ: Այսպես, առաջին օրինակներից են՝ Ջոտտոյի «Մոգերի երկրպագությունը» որմնանկարը, Լորենցետի Ամբրոջիոյի «Աստվածամայրը գահի վրա» նկարը, հետագայում Անդրէա Մանտենեայի «Աստվածամայրն ու Սուրբ Զենոնը» որմնանկարները և այլն։
Ներկայումս գորգագործության կենտրոններ են շարունակում մնալ Սյունիքն ու Արցախը։ Հատկանշական է, որ 2013 թ. Շուշիում բացվեց Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միակ գորգերի թանգարանը։ Հայաստանում և արտերկրում գոյություն ունեցող թանգարաններից բացի հայկական գորգեր պահվում են նաև անհատական հավաքածուներում, որոնց թիվը, ցավոք, հայտնի չէ։