Բարի աչքերով, միշտ ժպտերես ու կենսապինդ այս արվետագետն աշխարհը տեսնում էր իր օբյեկտիվի միջով, որսում էր պահն ու հավերժացնում այն՝ դառնալով պատմության անկեղծ հաղորդողը։ Աներևակայելի երևակայություն, անքննելի մտքի թռիչք, ճանաչելի իրականություն, խաղ, գույներ, ահա թե ինչ էր նա վերցնում կյանքից, դարձնում իրենը ու պահում իր կերտած պատմության էջերում։ Իրեն համարում էր «վիզուալ պատմաբան»՝ խոստովանելով, որ չափազանց կարևորում է մարդու ներկայությունը կադրում։
Մեծապես հպարտանում էր իր հայ լինելով՝ նշելով, որ հայ լինելն առավելություն է։ Նա երբեք չէր թաքցնում իր ազգությունը, հակառակը, միշտ օգտագործում էր ցանկացած առիթ՝ շեշտելու իր արմատները։ Իր գործունեության ընթացքում երեք անգամ շրջել է Արևմտյան Հայաստանում և լուսանկարել համարյա բոլոր բնակավայրերն ու հուշարձանները։ Մեծ փափագ ուներ տեսնելու և լուսանկարելու Զանգեզուրի և Նախիջևանի հայկական ճարտարապետական հուշարձանները։ Մանկության տարիներից սիրել է մշակույթը, արվեստը, թատրոնը։ Իր ստեղծագործական կյանքը սկսել է կինոյով և թատրոնով՝ չպատկերացնելով, որ լուսանկարիչ է դառնալու։
Մեծանալով թատերական գործչի ընտանիքում (հայրը թատրոնի դերասան է եղել) և բազում ընկերներ ունենալով այդ ոլորտում՝ քանիցս բեմականացումներին հետևել է վարագույրից այն կողմ, այդ պատճառով ավելի ուշ եկել է այն համոզման, որ թատրոնն իր էությամբ կեղծ է։ Արվեստը ստեղծվում է մարդու երևակայության արդյունքում ու կարող է նաև սուտ լինել։ Այնպես որ լուսանկարչությունն արվեստ չէ, երբ լուսանկարն արդեն արված է, այն է, ինչ իրականության մեջ կա։ Այսպիսով ընտրել է լուսանկարչությունը՝ հասկանալով, որ դրանով ավելի շատ բան կարող է տալ։ Արա Գյուլերը լուսանկարելիս փորձում էր որսալ մարդու բնավորությունը, քանզի ըստ նրա՝ մարդու գեղեցկությունն անցողիկ է, բնավորությունը՝ մնայուն։
Աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ-լրագրող, Թուրքիայում բնակվող, «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» անունը կրող Արա Գյուլերը ծնվել է 1928թ․ օգոստոսի 16-ին Ստամբուլում՝ հայկական Բեյօղլու՝ Բերյայի թաղամասում (մայրը 400 տարվա պոլսեցի էր, իսկ հայրը Շապին Գարահիսարցի)։ 1951թ․ «Նոր Ստամբուլ» թերթում իր առաջին քայլերն է արել որպես լրագրող։
Աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր ցուցահանդեսներ է բացել։ Իր կատարած լուսանկարներով միջազգային ճանաչում ձեռք բերած տաղանդավոր այս արվետսագետն այնպիսի անվանի անձնաց է պատմության մեջ ևս մեկ անգամ հավերժացրել, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Բերթրան Ռասելը, Առնոլդ Թոյնբին, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Վիլյամ Սարոյանը, Փարաջանովը, Արամ Խաչատրյանը, Ինդիրա Գանդին, Մարիա Կալասը, Սոֆի Լորենը և այլք։ Լուսանկարների մեծ մասը հատուկ հավաքածուով ցուցադրվել է Փարիզում, Գերմանիայում, Բոսթոնում, Չիկագոյում, Նյու Յորքում և այլուր։ Նրա լուսանկարները տպագրվել են այնպիսի պարբերականների էջերին, ինչպիսիք են “Time” -ը, “Life”-ը, “Newsweek’’-ը:
2006թ․ -ից լույս տեսնող «Հետք» ամսագրի խմբագիրն է եղել։ Իր ներդրած ավանդի համար նա տարբեր ժամանակներում թուրքական կառավարության ու երկրի տարբեր նախագահների կողմից ստացել է բոլոր հնարավոր բարձրագույն պարգևները, իսկ 2000թ․-ին Թուրքիայում ճանաչվել է «Դարի լուսանկարիչ»։
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած ասուլիսից հետո «Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի» որոշմամբ Արա Գյուլերին շնորհվել է ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում։
Արա Գյուլերը մահացել է 2018թ․ Ստամբուլում։