Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ

   1715-1774 թթ Ֆրանսիայի թագավորը Լյուդովիկոս 15-րդն էր։ Նա շատ քիչ էր զբաղվում իր երկրի կառավարման գործերով և իր ժամանակի հիմնական մասը տրամադրում էր որսորդությանն ու տարբեր զվարճություններին։ Արդյունքում վատնում է երկրի ամբողջ գանձարանը։ Ժողովուրդը ճնշված էր հարկերի տակ, իսկ տնտեսությունն անկում էր ապրում։ 

 

   Լյուդովիկոս 15-րդի կառավարման վրա մեծ ազդեցություն էին գործում այն կանայք, ում թագավորը համակրում էր։ Նրանց քմահաճություներից էր կախված թագավորի վարած ողջ քաղաքականությունը։ Նրանց ցանկությամբ էին նշանակվում և պաշտոններից ազատվում տարբեր նախարարներ։ Սակայն քաղաքական գործերին բոլորից շատ կարողանում էր միջամտել մարկիզուհի դը Պոմպադուրը։ 

 

 

   Լյուդովիկոս 15-րդն ինքը շատ լավ տեղյակ էր երկրի ծանր վիճակից, տեսնում էր ժողովրդի՝ օրեցօր ավելացող դժգոհությունը և Ֆրանսիայի անհույս ապագան։ Սակայն իրավիճակը շտկելու, բարեփոխումներ անելու փոխարեն՝ նա շարունակում էր զվարճանալ՝ չմտածելով հետևանքների մասին։ 

 

   «Մեզնից հետո թեկուզ ջրհեղե՛ղ»,- ասում էր Լյուդովիկոս 15-րդը։ Այս անպատկառ արտահայտությունը, որն անընդունելի էր երկրի համար, դառնում է նրա կյանքի գլխավոր կանոնը։

   Եվ «ջրհեղեղ» իրոք լինում է։ Լյուդովիկոս 15-րդի մահից հետո՝ 1789 թվականին, սկսվում է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, որով վերջ է դրվում թագավորական իշխանությանը։