Արմիս

  Արմիսը, Արմենակ Միսիրյանը, ծնվել է 1901թ. Ադյամանում՝ ջութակահարի ընտանիքում: Դժվար մանուկություն է ունեցել: Արմենակը նոր էր դպրոց ընդունվել, երբ դառնում է տարագիր՝ մինչև Դեր Զոր: Հրաշքով փրկվելով, ընկնում է Հալեպ և իր կյանքի վաղ շրջանն ապրում այստեղ: Հալեպում Արմիսը գեղարվեստական կրթություն է ստանում ԱՄՆ-ից ժամանած Եղիա Գասպարյանի մոտ, ապա աշխատում է որպես գծագրության ուսուցիչ: 1930 թ. մեկնում է Փարիզ, սովորում Ժյուլիենի և Գրան Շոմերիի ակադեմիաներում: Կարճ ժամանակ անց այս համեստ արվեստագետը դառնում է քննադատների ուշադրության առարկան՝ վայելելով լայն ճանաչում և արժանանալով բարձր գնահատանքի:

 

 

  Հալեպի շրջան՝ 1920 – ական – 1930թթ.: Այս շրջանում հիմնականում բնանկարներ է կատարել, որոնց համար նյութ են հանդիսացել քաղաքի հնությունները, մզկիթներն ու փողոցները: 

    Փարիզյան շրջան՝ 1930 – 1950 – ական թ. սկիզբը, որոնք նրա համար որոնման տարիներ էին:

  Հասուն շրջան՝ սկսած 1952 թ.-ից: Այս շրջանում է, որ նա ստեղծագործական բուռն ոգևորություն է ապրում: Սկսում է նկարել նոր շնչով: Այս շրջանում նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել նույն թաղամասում բնակվող Ժանսեմը:

 

      Արմիսի արվեստը աչքի է ընկնում անկեղծությամբ ու պարզությամբ: Իր նկարների միջոցով նա դիտողին է հաղորդում իր ներաշխարհը, հույզերը, ապրումներն ու բարձր գաղափարները: Արմիսը գծերի հիանալի վարպետ էր: Դրանք ընդգծված են նրա գրեթե բոլոր աշխատանքներում: Նրա գործերն աչքի են ընկնում լուսաստվերների հետաքրքիր, կանաչի, սևի, դարչնագույնի տոնային համարձակ լուծումներով ու գծային աշխույժ ռիթմով: Նկարիչն առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում դիմագծերի ու ձեռքերի մշակմանը: Նրա աշխատանքներում նկատելի են նաև կուբիզմի տարրեր, որին բնորոշ է ձևերի երկրաչափայնացումը: