Հետաքրքիր փաստեր Աստվածաշնչի մասին

          Պատմական հնագույն գրքերից Աստվածաշունչը եզակի է՝ ըստ պահպանված ձեռագրերի քանակի և հնության: Չկա որևէ այլ գիրք, որն ունի Աստվածաշնչի պահպանված ձեռագրերի նույնիսկ կեսը: Մինչ օրս միայն Նոր Կտակարանից պահպանվել են մոտ 25,000 ձեռագիր` հունարենով, հայերենով, լատիներենով և մի շարք այլ լեզուներով:

 

       Մինչև 1947 թ. Հին Կտակարանի հայտնի հնագույն եբրայերեն ձեռագրերը թվագրվում էին 9-10-րդ դարերով: Դրանք Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի կրկնօրինակներ էին: Սակայն 1947 թ. հայտնաբերվեցին Մեռյալ ծովի մագաղաթները, որոնք հրեական կրոնական մի խմբավորմանը պատկանող գրադարանից մնացած հին ձեռագրեր են: Դրանք գրեթե հազար տարով հին են 9-րդ դարի փաստաթղթերից: Մեռյալ ծովի մագաղաթների մեջ կան Հին Կտակարանի բոլոր գրքերի կրկնօրինակները` բացառությամբ Եսթերի գրքի: Ամենահին և ամբողջական Աստվածաշունչը Սինայի ձեռագիրն է (Codex Sinaiticus), որը գրվել է 4-րդ դարի կեսերին: Գիրքը մինչև 19-րդ դար պահվել է Սինա լեռան վրա գտնվող Սբ. Կատարինե վանքում, որտեղից էլ ստացել է «Կոդեքս Սինաիտիկուս» անվանումը: Ներկայումս գրքի մի փոքրիկ մասն է գտնվում Սբ. Կատարինեում: Մյուս մասերը Լոնդոնում են, Լեյպցիգում և Սանկտ Պետերբուրգում: Կոդեքս Սինաիտիկուսը գրված է կոինե հունարենով (ընդհանուր խոսակցական հունարեն):  Բնագիրը բավականին մոտ է Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը:

 

Մեզ հասած հայերեն  ամենահին ձեռագիրը 7-րդ դարի Վեհամոր Ավետարանն է, որը պահվում է Մատենադարանում:

 

 

Աստվածաշնչի հայերեն ամբողջական թարգմանությունը ընդհանուր առմամբ տևել է 30 տարի:

 

1-ին դարերի եկեղեցու հայրերի մոտ Աստվածաշնչից բազմաթիվ մեջբերումներ են պահպանվել: Համաձայն մասնագետների՝ եթե նույնիսկ Աստվածաշնչի մեկ օրինակ էլ պահպանված չլիներ, միայն եկեղեցու հայրերի մեջբերումներից հնարավոր կլիներ ամբողջությամբ վերականգնել Սուրբ Գիրքը:

 

 Նոր Կտակարանի հնագույն ձեռագիրը 117-130 թ. պապիրուս է` Հովհաննու Ավետարանի մի հատված: Հաշվի առնելով Հովհաննու Ավետարանի գրված ժամանակը` 90-ականների վերջը, 25-30 տարիների տարբերությունը չնչին է՝ համեմատած այլ պատմական վավերական համարվող գրքերի հետ: 2-րդ դարի վերջից ունենք Հռոմեացիներին և Եբրայեցիներին ուղղված Պողոս առաքյալի թղթերից ձեռագրեր: 3-րդ դարի ձեռագրերն ավելի շատ են՝ բացի մի քանի առաքելական թղթերից։ Նոր Կտարակարանի մնացած բոլոր գրքերից կան պահպանված օրինակներ: