Պատմության կարևոր իրադարձությունները նշելիս ամենից հաճախ հիշում ենք տվյալ ժամանակաշրջանի թագավորներին։ Սակայն հայերս ունեցել ենք թագուհիներ, որոնք կարևոր դերակատարություն են ունեցել պատմության որոշակի շրջանում և օգնել են իրենց ամուսիններին պետության կայացման և ամրապնդման գործերում: Մեզ հայտնի են 150 թագուհիներ, բայց այստեղ կառանձնացնենք Բագրատունյաց թագուհիներից երկուսին։
Խոսրովանույշ
Աշոտ III Ողորմածը (953-977թթ.)՝ Անիի հիմնադիր-տիրակալը, ուներ նույնչափ ստեղծագործ ու բարերար կողակից` Խոսրովանույշ թագուհին, որը մեր պատմության մեջ անմահացել է իր շինարարական մեծագործություններով:
Թագուհու նախնիների և տոհմի մասին տեղեկությունները քիչ են, սակայն զավակների և թոռների անունները պահպանվել են։ Ունեցել է 3 որդի՝ Սմբատ, Գագիկ և Գուրգեն։ Սմբատը ժառանգել է հոր գահը և դարձել հայոց թագավոր (977-990), ում հաջորդել է Գագիկը (990-1020)։ Գուրգենն առանձին թագավորական ճյուղ է հիմնադրել Լոռիում (Կյուրիկյաններ), դարձել Լոռու թագավոր, ապա նրա տոհմի իշխանությունը հաստատվել է Տավուշում, Գարդմանում, Փառիսոսում, Կախեթի մարզում։
Աղբյուրների համաձայն` Խոսրովանույշը 957 թվականին հիմնել է Սանահինի վանական համալիր Սբ Ամենափրկիչ եկեղեցին, որի կառուցումն ավարտվել է 966 թվականին: Երկրորդ խոշոր հիմնարկեքը Խոսրովանույշ թագուհին կատարել է Սանահինի կառուցումից տասը տարի անց: Նա 976 թվականին հիմնել է Հաղպատի վանական համալիրի առաջին և խոշորագույն եկեղեցին` Սուրբ Նշանը: Շինարարությունը տևել է բավականին երկար` մինչև 991 թվականը: Հաղպատի վանական համալիրին ևս վիճակված էր դառնալու միջնադարյան Հայաստանի հոգևոր-գիտակրթական կարևորագույն կենտրոններից մեկը: Հաղպատի վանական համալիրի կառուցմանը զուգահեռ Խոսրովանույշ թագուհին նախաձեռնել և իրականացրել է մեկ այլ մեծ աշխատանք՝ 972 թվականին վերանորոգել է Սևանա կղզու վանական համալիրը: Ահա այսպիսին էր Անիի առաջին տիրուհին` շինարար, ստեղծագործ և բարեշնորհ Խոսրովանույշ թագուհին:
Կատրանիդե II
Մեր թագուհիների շարքում ուրույն տեղ է զբաղեցնում Խոսրովանույշի և Աշոտ III Ողորմածի որդու՝ Գագիկ I-ի տիկինը՝ Կատրանիդե II-ը: Նա ծնվել և մեծացել է արքայական ընտանիքում։ Նա Սյունյաց արքա Վասակ I-ի և թագուհի Շահանդուխտ II-ի դուստրն էր՝ ծնողների արժանավոր ժառանգը, ով աչքի է ընկնում իր մեծագործություններով։ Կատրանիդե թագուհուն է վերագրվում Անիի Կաթողիկե Մայր տաճարի կառուցումը, որի շինարարությունն ավարտվում է 1001 թվականին: Ավանդազրույցի համաձայն ` գործն ավարտին հասցնելու համար թագուհին չի խնայում նույնիսկ իր հարսանեկան օժիտն ու նվերները: Դեպի երկինք խոյացող վեհաշուք կառույցն իրականություն է դառնում հանճարեղ ճարտարապետ Տրդատի ջանքերով: Անիի Կաթողիկե Մայր տաճարը դառնում է մայրաքաղաքի գլխավոր զարդերից մեկը: Անիի Մայր տաճարի հարևանությամբ ժամանակին կանգուն էր մի դամբարան, որի ավերակներն այսօր էլ կարող են տեսնել մեծ մայրաքաղաքի այցելուները: Այն Կատրանիդե II մեծ թագուհու դամբարանն էր, որտեղ արքունիքն ու ժողովուրդը թագուհուն մեծ շուքով էր հուղարկավորել։